Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քաղաքն առաջին հերթին մարդիկ են. Երևանի քաղաքապետի խորհրդական Վ. Վերմիշյան.

SOCIETY

Past.am

ՊԱՐՈՆ ՎԵՐՄԻՇՅԱՆ, ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ, ՈՐ ԴՈՒՔ ԵՂԵԼ ԵՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱԽԿԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ (1989-1991), ՕՐՅՈԼԻ ՄԱՐԶԻ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ (2014-ԻՑ), ՂԵԿԱՎԱՐԵԼ ՄԻ ՇԱՐՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ԻՍԿ ԻՆՉՊԻՍԻ՞ ՆԱԽԱԳԾԵՐ ԵՔ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ: ՀԱՏԿԱՊԵՍ ՁԵՐ Ո՞Ր ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՌԱՆՁՆԱՑՆԵԻՔ: ԱՐԴՅՈՔ ՈՒՆԵ՞Ք ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՆԱԽԱԳԾԵՐ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ:

Դրսում ավելի շատ են իրականացված նախագծերը: Երևանում քիչ նախագծեր ունեմ՝ կրկեսի նախագիծը, մի քանի առանձնատներ: Երկրաշարժից անմիջապես հետո աշխատել եմ Ստեփանավան քաղաքի գլխավոր հատակագծի վրա և երեք տարի աշխատել եմ այնտեղ որպես գլխավոր ճարտարապետ մինչև Խորհրդային Միության փլուզումը: Հետո տեղափոխվեցի Ռուսաստան՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, և արդեն 27 տարի դրսում էի: Այժմ վերադարձել եմ Հայաստան: Արտերկրում շատ նախագծեր եմ իրականացրել՝ մոտ 5մլն ք.մ.-ից ավելի: Դրանք տարբեր բնույթի և տարբեր նշանակության շենքեր են՝ բնակելի շենքեր, առանձնատներ, բազմաֆունկցիոնալ շենքեր, օդանավակայան՝ Դոմոդեդովոյի օդանավակայանը, Սոչիի նավահանգիստը, որն օլիմպիադայից առաջ կառուցվեց, տարբեր մարզերից սկսած՝ Կամչատկայից, Սախալինից մինչև Բելառուս և Ուկրաինա, ինչպես նաև Եվրոպայի մի քանի քաղաքներում, Աֆրիկայում, Արաբական Էմիրություններում, Չինաստանում և այլն:

Ի՞ՆՉԸ ՊԱՏՃԱՌԸ ՀԱՆԴԻՍԱՑԱՎ, ՈՐ ՄԵԿՆԵՑԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՎ Ի՞ՆՉԸ ԵՂԱՎ ԴՐԴԱՊԱՏՃԱՌ ՆՈՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ:

1991թ-ի մայիսի 5-ն էր, երբ մեկնեցի և դեռևս Խորհրդային Միությունը կար: Մեկնեցի մեկ տարի աշխատելու և վերադառնալու նպատակով: Հետո այդ մեկ տարին դարձավ 2, 3, 4 և ամեն տարի մտածում էին, որ հաջորդ տարի հետ կվերադառնանք և այսպես 27 տարի շարունակ: Հիմնական պատճառը աշխատանքն էր, որովհետև Ստեփանավանում այն ժամանակ հսկայական 400-ից ավելի օբյեկտների շինարարությունը միանգամից դադարեց և այդ ռիթմից անմիջապես հետո սկսված անգործությունն ինձ համար չէր:
Իսկ վերադառնալու շարժառիթը թոռնիկիս ծնունդն էր: Երբ թոռնիկս ծնվեց, որոշեցի գալ և իր կողքին լինել, որովհետև իմ երեխաների փոքր տարիքը չեմ հիշում, քանի որ այն ժամանակ անդադար աշխատել եմ: Առաջին հիշողությունս այն է, որ մեծ աղջիկս դարձավ մեկ տարեկան և մի օր տեսա, որ քայլում է տանը: Անսպասելի էր: Առավոտյան ժամը 7-ին տանից դուրս էի գալիս և գիշերը վերադառնում: Երկրաշարժից հետո աշխատանքը այդ ռեժիմով էր: Հիմա փոքր երեխայի համ ու հոտը ուզում եմ թոռնիկներիցս զգալ:

ԱՅՍ ՏԱՐԻ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ՆՇԵԼ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՔԱՂԱՔԻ 2800-ԱՄՅԱԿԸ: Ի՞ՆՉ ՆԱԽԱԳԾԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ՔԱՂԱՔԸ ՏՈՆԻՆ ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ:

Շատ հետաքրքիր ծրագրեր են կազմված Երևանի 2800-ամյակի կապակցությամբ: Մի քանի այգիներ են վերակառուցվելու, մասնավորապես 2800-ամյակին նվիրված այգին՝ Շահումյանի հրապարակից մինչև Մյասնիկյանի արձան ընկած հատվածը: Շատ գեղեցիկ նախաձեռնություն է: Շնորհակալություն մեր բարերար Վարդանյանների ընտանիքին՝ «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերին, ովքեր հանձն առան այդ աշխատանքը ֆինանսավորել: Դա հսկա ֆինանսավորում է, մի քանի միլիոն դոլար արժողությամբ մի ծրագիր՝ շատրվաններ: Շատ գեղեցիկ նախագիծ է, որը շատ գեղեցիկ նվեր կլինի երևանցիներին: Բացի այդ, Էրեբունի թաղամասում պետք է նոր այգի հիմնվի, որի նախագծման աշխատանքներն արդեն սկսվել են և հուսով ենք մինչև քաղաքի տոնակատարության օրը այդ աշխատանքները ևս կավարտվեն: Քաղաքի տարբեր շրջաններում՝ Ավան, Շենգավիթ, Դավթաշեն և այլն, այդպիսի հետաքրքիր նախագծեր են նախատեսվում: Քաղաքը շատ գեղեցիկ տեսք կունենա և ծննդյան օրվա առթիվ լավ նվերներ կստանա:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԵՎՍ ՄԻ ՄԱՍՆ ԵՆ, ԱՅՍԻՆՔՆ, ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԱՆՇՈՒՆՉ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՉԱՎՈՐ ԼԻՆԻ, ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎԱՐՔԸ ԵՎՍ ԿԱՐԵՎՈՐ Է: ԱՅՍ ԱՌՈՒՄՈՎ ՄԵՐ ՔԱՂԱՔՆ ԱՎԵԼԻ ԿԵՆԴԱՆԻ ՏԵՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՆՉՊԻՍԻ՞ ԱԿՆԿԱԼԻՔ ԿԱՄ ԱՌԱՋԱՐԿ ՈՒՆԵՔ:

Այո, սկսենք նրանից, որ ոչ թե ևս, այլ քաղաքն առաջին հերթին մարդիկ են և դա սխալ կարծիք է, որ ճարտարապետությունը դա ֆասադներ են, ինչ-որ կոնկրետ դետալներ և այլն: Քաղաքը մարդիկ են և իրենց շրջապատող միջավայրի ճիշտ կազմակերպումը՝ լինի դա այգի, շենք, փողոց կամ որևէ ինտերիեր: Դրանք դետալներ են, սակայն առանցքում պետք է լինի մարդը՝ առաջին հերթին բնակիչը և հետո հյուրը: Նախապատվությունների տեղերը չի կարելի փոխել: Առաջին հերթին մարդն է: Քաղաքը ոչ թե մեքենաների համար է, այլ մարդկանց: Մեքենաները ևս մարդկանց համար են: Հիմա սկսել ենք նոր հետաքրքիր տենդենցներ մշակել: Քաղաքապետի հետ մի քանի անգամ խորհրդակցելով՝ որոշեցինք աշխարհի լավագույն կայացած քաղաքների փորձը վերցնել և Երևան քաղաքը փոքր-ինչ ավելի հետաքրքիր և արդիական դարձնել, նոր տենդենցներով, նոր մարտահրավերներով, որովհետև այն, ինչ 30-40 տարի առաջ հանդիսանում էր նորարարական միտք, այսօր հնացած է: Հետաքրքիր տենդենցներ կան ճարտարապետության մեջ: Մասնավորապես մեր ընտրությունը կանգ առավ Յան Գեհլի ընկերության վրա, քանի որ այն քաղաքները, որտեղ կա իրենց միջամտությունը, որակական մեծ դրական փոփոխություններ են կրել: Հրավիրեցինք և բավականին մեծ հաճույքով նրանք ընդունեցին մեր հրավերը: Նշեմ, որ պետբյուջեից միջոցներ չեն ծախսվել այս հրավերի համար: Դա զուտ անձնական, ընկերական ընդունելություն էր: Մեծ հաճույքով եկան և մեծ տպավորությամբ հետ գնացին: Վերջին նամակագրությունում նրանք գրել էին, որ ապշած են Երևանից, Երևանի բնակիչներից, ընդունելությունից, հյուրասիրությունից, և իրենց համար մեծ պատիվ կլինի Երևանի համար ինչ-որ բան անելը: Գոռոզություն պետք չէ անել, պետք է անընդհատ նայել, թե ինչ է կատարվում շուրջդ և ինչ-որ բան սովորել: Ամեն օր հարկավոր է նոր բան սովորել: Եթե մի օր մի նոր բան չես սովորում, ուրեմն այդ օրը կորուսյալ է, հատկապես, որ շատ բաներ կան սովորելու այս մարդկանց փորձառությունից և ամենակարևորը իրենց կարգախոսն է՝ «Քաղաքը մարդկանց համար», այլ ոչ թե մարդիկ՝ քաղաքի: Շատ մեծ և բարդ օրգանիզմ է քաղաքը իր կոմունիկացիաներով, առօրյա խնդիրներով, որոնք անվերջ են: Ճարտարապետությունը ամեն ինչ է և ոչ թե միայն ֆասադների ձևավորում: Ենթակառուցվածքները ևս ճարտարապետության մաս են: Մի փոքր սխալը կարող է հետագայում սարսափելի մեծ հետևանքների հանգեցնել, այնպես որ շատ նուրբ է պետք վերաբերվել քաղաքին և փառք Աստծո մենք ժառանգություն ենք ստացել մի հրաշալի, կանոնակարգված քաղաք իր շատ ճիշտ փողոցային ցանցով և դասավորվածությամբ, ճիշտ հարկայնությամբ և հրաշալի գեղեցիկ ֆասադներով և առաջին խնդիրը չվնասելն է: Երկրորդը՝ եթե որևէ միջամտություն է կատարվում, դա պետք է արվի շատ նուրբ և կոսմետիկ: Ցավոք սրտի, չուզենալով քննադատական որևէ բան ասել, պետք է նշեմ, որ մի քանի դեպքերում շատ կոպիտ միջամտություններ են արվել, որոնք սակայն մահացու չեն: Ամեն ինչ շտկվող է, կառավարելի:

ՀԵՏԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԵՆԹԱՐԿՎԵՑ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԹԵԼԱԴՐԱՆՔԻՆ: ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ, ԹԵ´ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԵՎ, ԹԵ´ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՄԱՄԲ ԱՂՃԱՏՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԴԻՄԱԳԻԾԸ: ԱՅՍ ԱՌՈՒՄՈՎ ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ՁԵՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ ԵՎ Ի՞ՆՉ ՔԱՅԼԵՐ ԵՆ ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼՈՒ:

Աղճատված բան չկա, կան որոշ սխալներ, որոնք բոլոր ժամանակներում էլ եղել են: Որևէ քաղաք և որևէ ժամանակահատված չի եղել, որ սխալներ չլինեն: Ամեն ժամանակ ունեցել է իր սխալները: Խորհրդային ժամանակահատվածում ամբողջ միկրոշրջաններ էին կառուցապատվում սնկի նման նույնատիպ շենքներով: Մենք սարսափելի թաղամասեր ստացանք: Սխալները բնական են, ինչպես մանկական հիվանդությունները: Պետք է իմաստուն գտնվեինք և շրջանցեինք դրանք, բայց անցանք և այլևս թույլ չենք տա այդ սխալները: Ժողովուրդը շատ վատ ընկալեց այդ մի քանի կոպիտ սխալները: Ինչևէ, շատ գեղեցիկ քաղաք ունենք և հյուրերը շատ լավ տպավորություն են ստանում մեր քաղաք այցելելով, իսկ եղած թերությունները շատ հեշտ շտկվող են: Ուղղակի կա ժամանակի խնդիր և մի փոքր էլ ֆինանսների հետ է կապված: Բյուջեն շատ համեստ է: Մյուս կողմից էլ շատ գումարով ցանկացած հիմար էլ կարող է ինչ-որ բան անել: Իմաստությունն այն է, որ կարողանանք մեր սահմանափակ միջոցներով որևէ բան անել: Ամենակարևորը պոզիտիվ մնանք և արևոտ, տաք և դրական մարդկանցով լի քաղաք ունենանք:

Ո՞ՐՆ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ՁԵՐ ՍԻՐԱԾ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՆ ԱՐԺԱՆԻ Է ՄՐՑԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ԳՈՀԱՐՆԵՐԻ ՀԵՏ:

Հենց քաղաքը իր ենթակառուցվածքով և քաղաքաշինական հորինվածքով համաշխարհային քաղաքաշինության պատմության մեջ ունիկալ մի երևույթ է: Ալեքսանդր Թամանյանի ենթակառուցվածքի հորինվածքը շատ լավն է: Մեր հրապարակը ֆանտաստիկ մի երևույթ է: Իհարկե, հասարակ մարդկանց ընկալումն այլ է: Իմ բոլոր ընկերները, ովքեր այցելել են Երևան, լինելով ճարտարապետության ակադեմիկոսներ, լուրջ ճարտարապետներ, իրենց պրոֆեսիոնալ ընկալումով գնահատել են, որ շատ ճիշտ, համաչափ ու գեղեցիկ է արված ամեն ինչ մարդու համար: Երջանկահիշատակ ճարտարապետ Յուրի Պլատոնովը, ով «МАААМ»-ի նախագահն էր, մի անգամ ասաց. «Երևանը քաղաք է մարդկանց համար»: Նա ասում էր, որ չի կշտանում այս քաղաքից և ամեն այցելությունից հետ վերադառնալիս, արդեն օդանավում, կարոտում էր քաղաքը: Չեմ խոսում երևանաբնակների մասին, ովքեր մեկնում են երկրից: Կարոտը ուղղակի խեղդում է նրանց: Դա հենց այնպես չէ, քաղաքն իր շունչն ունի, իր հոգին ունի: Դու իրեն ես կարոտում, ինքը՝ քեզ: Ինչպես տունը: Տունը նույնպես հոգի ունի, դա միայն պատեր և քարեր չեն:

ՎԵՐՋԵՐՍ ԴԱՆԻԱԿԱՆ “GEHL ARCHITECTS” ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՅԱՑԱԾ ՄԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԴՈՒՔ ՆՇԵՑԻՔ, ՈՐ, ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ՁԵՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ, ԱՅՆՈՒՀԱՆԴԵՐՁ՝ «ՄԵՐ ՏՈՒՆԸ ՄԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՊԵՏՔ Է ԿԱՌՈՒՑԵՆՔ»: ԻՆՉՊԻՍԻ՞ ՔԱՅԼԵՐ ԵՆ ԱՐՎՈՒՄ ԱՅՍ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ:

Իհարկե սա պետք է դառնա կարգախոս յուրաքանչյուր երևանցու համար: Ես ծնվել և մեծացել եմ փոքր քաղաքում՝ Ստեփանավանում: Իմ մանկության հիշողություններում մի այսպիսի դրվագ է մնացել: Մենք ունեինք մի դաստիարակչուհի՝ ընկեր Աիդան, և հիշում եմ, որ նա հարցնում էր. «Երեխաներ, Ստեփանավանը ո՞ւմ քաղաքն է» և մենք բոլորս բարձրաձայն պատասխանում էինք՝ «Ստեփանավանը ի´մ քաղաքն է»: Ոչ թե «մե´ր», այլ՝ «ի´մ»: Փոքր ժամանակից մեզ այդպես են դաստիարակել: Երևանը մեր քաղաքը չէ, ամեն առանձին երևանցու քաղաքն է: Եվ եթե դա քո քաղաքն է, քո տունն է, օրինակ, Փարաքարը քո նախամուտքն է, հրապարակը հյուրասենյակն է, Մասիվը կամ Աջափնյակը ննջասենյակն է, Սևանն էլ քո լողավազանն է, ապա պետք է հյուր հրավիրելիս կարգի բերես տունդ: Օրինակ, մի օր հրապարակով անցնելիս նկատեցի, որ մի երիտասարդ աղտոտում է քաղաքը: Մոտեցա ասացի. «Քո հետևից կեղտ ես թողնում»: Պատասխանեց. «Թող սանիտեկը հավաքի»: Անկեղծ ասած դեռ նոր էի վերադարձել, չգիտեի սանիտեկն ով է, ասացի «Ես որտեղի՞ց սանիտեկին գտնեմ, որ գա քո հետևից հավաքի»: Աղտոտումը սկսում է այդ հոգեբանությունից: Ամոթ է, մենք այդ ազգը չենք: Պետք է մաքուր պահենք քաղաքը և ես մեծ հույսով եմ լցված, որովհետև վերջերս անցնում էի փողոցով ու տոպրակ նկատեցի, որ քամին տանում էր այս ու այն կողմ ու տեսա, որ մի երիտասարդ տղա մոտեցավ վերցրեց այն և նետեց աղբարկղը: Արդեն զգացվում է, որ նոր սերնդի մեջ հարազատ քաղաքի զգացողությունը կա: Եվ հիմա մենք “Gehl Architects”-ին հրավիրեցինք, որպեսզի մեզ հուշեն, թե ինչ բարեփոխումներ կարելի է կատարել, որովհետև մենք ամեն օր տեսնում ենք մեր միջավայրը և մեր աչքը արդեն սովորել է ու չենք նկատում, օրինակ, որ մայթեզրի անկյունը սուր է: Իսկ նրանք կարող են նկատել և հուշել, որ կարելի է այն կլոր անել: Մենք էլ պետք է գոռոզ չգտնվենք և լսենք հուշումները: Իսկ դրանից հետո նախագիծը և այլ աշխատանքներ մենք պետք է կատարենք և ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու: Մեր տունը մենք պետք է կառուցենք, հարևանը չի գալու մեր տունը մաքրի: Սա էր ասածիս իմաստը:
Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, ասես մենք այդքան անկարող ենք, որ դրսից մասնագետներ ենք հրավիրում, ընդհակառակը, հենց կարող մարդիկ են անընդհատ նոր բաներ սովորում, նոր փորձին ծանոթանում: Աշխարհը իր շնչով է ապրում: Որոշ բաներով մենք իրենցից առավել ենք, մի քանի հարցերում հետ ենք: Պետք է անընդհատ փորձը կիսել և անընդհատ նայել ու նոր բաներ սովորել: Կյանքը շատ է փոխվել: Աշխարհը դարձել է մի բուռ: Իմ պրակտիկայում նույնիսկ դեպք է եղել, որ առավոտյան նախաճաշել եմ Տոկիոյում, ճաշել եմ Մոսկվայում և ընթրել՝ Լոնդոնում: Դրա համար քո տաշտակում, քո յուղի մեջ եփվելով, ոչ մի լավ բանի չես հասնի: Պատկերացրեք այսօրվա կյանքը պատմեինք 1930 թվականի մարդուն, հատկապես գյուղի բնակիչներին: Իրենց համար սա դրախտ կլիներ, որովհետև գյուղի բնակիչների համար եղել է գոյատևման պայքար: Իսկ հիմա հնարավորությունները սարսափելի մեծ են, կյանքի որակն է շատ բարձր: Հնարավորինս պոզիտիվ է պետք լինել, նեգատիվը միայն նեգատիվ հետևանքներ է ունենում:

ՊԱՐՈՆ ՎԵՐՄԻՇՅԱՆ, ԹԵՐԵՎՍ ՈՐՈՇ ՉԱՓՈՎ ՏԵՂՅԱԿ ԵՔ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅՍ ՏԱՐԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԵՏՆԵՐԻ ԱՐԴԵՆ 4-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ, ՈՐՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՐՑԱԽՈՒՄ: Ի՞ՆՉ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՔ ԱՅՍ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ: ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ՏԵՍՆՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ, ԻՆՉՈՒ ՉԷ, ՆԱԵՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՌՀԱՍԱՐԱԿ:

Եթե դա ուղղված է համախմբմանը, ես երկու ձեռքով կողմ եմ: Երբ քարը դնում ես քարին, տասը քարը արդեն պարիսպ է, հարյուր քարը արդեն շենք է: Եթե մեր տեղացի և դրսի գործընկերները համախմբվեն, շատ լինենք և մի բռունցք դառնանք, սարեր շուռ կտանք: Ուղղակի ամեն ինչ, ինչ արվում է, միայն պետք է համախմբի և պառակտում ոչ մի դեպքում պետք չէ թույլ տալ մի քանի հարյուր հոգուց բաղկացած մեր փոքրիկ ոլորտում: Քիչ ենք, բայց սերուցք են, ազգի լավագույն մասերից մեկն ենք: Պետք է համախմբվենք, համատեղ ծրագրեր կազմենք, իսկ ես ինչով կկարողանամ պատրաստ եմ օգտակար լինել:

ԻՆՉՊԻՍԻ՞ ՏԵՍԼԱԿԱՆ ՈՒՆԵՔ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ:

Ես կարծում եմ, որ դա բավականին մեծ ուժ է, որովհետև համոզված եմ, որ ամեն երկրում կա մի նորություն, որ կհարստացնի Հայաստանը, եթե այդ նույն ընկերությունները իրենց փոքր մասնաճյուղերը բացեն մեր երկրում, իհարկե համապատասխան մոտիվացիայի դեպքում, եթե մեր կառավարությունն այնքան իմաստուն գտնվի, որ ստեղծի այդ պայմանները, օրինակ հարկային դաշտում: Պետք է այդ հզոր ներուժը ներգրավել մեր տնտեսության մեջ: Դա կարող է նոր, հետաքրքիր տեխնոլոգիաներ և մտքեր բերել և մեր երիտասարդները չեն հեռանա: Լավերն են հեռանում, մեր ոսկե պահոցը, որն անընդհատ շաղ ենք տալիս և քամին տանում է: Թող մնան այստեղ, որ մեր հողը հարստացնենք: Հինգ միլիոն ք.մ. կառուցել եմ և սիրտս մղկտում է, որ մի փոքր տնակ կառուցեմ Հայաստանում, դրսում պալատներ կառուցելու փոխարեն: Ինչ այստեղ է, դա է մերը: Թող ոչ ոք գլուխ չգովի դրսում ունեցած պալատների համար: Դա իրենցը չէ, դա տվյալ երկրի տերերինն է և իրենք էլ են այդ երկրի տերերին պատկանում: Մերը սա է: Եթե կարող եք, պետք է այնտեղ կապիտալացնել և բերել ներդնել քո երկրում: Այո, դրսում շատ բաների կարող ես հասնել, բայց նույնիսկ ինքնությունդ են շփոթում, թե ով ես: Միայն այստեղ ես դու լիիրավ տեր: Կձուլվես այդ ազգի հետ և երբեք այդ ազգի ներկայացուցիչ չես դառնա, բայց հայ էլ չես մնա, այսինքն, կդառնաս ոչինչ: Իսկ Հայաստանում դու հայ ես, քո զավակն էլ է հայ և քո թոռներն էլ կլինեն հայ: Ես ասում եմ հայ է նա, ում թոռները հայ են:

Զրուցեց՝
Ա. Դանիելյանը

 

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank