Դիլիջանի հրդեհների բռնկման պատճառները հայտնի չեն
ОБЩЕСТВОԲնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը հրապարակում է արել այն մասին, թե վերջին օրերին Դիլիջան ազգային պարկի մի շարք տեղամասերում բռնկած հրդեհներն անհանգստության տեղիք են տալիս: «Մարտի 23-ին, ժամը 18։00-ի սահմաններում հրդեհ էր «Շամախյան» տեղամասի 2-րդ պահաբաժնի 10-րդ տեղամասում, հրդեհը մեկուսացվել և մարվել էր մարտի 24-ի գիշերը՝ 02:30-ի սահմաններում: Ըստ նախնական տվյալների, այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ, ծառեր չեն վնասվել։
Մարտի 24-ին ևս հրդեհի մի քանի օջախներ էին հայտնաբերվել․ մասնավորապես, ժամը 14-ի սահմաններում Հաղարծին տեղամասի 5-6 րդ պահաբաժիններում՝ ըստ նախնական տեղեկության՝ կրակը բռնկել էր համայնքային տարածքում, իսկ ժամը 20-ի սահմաններում՝ պարկի «Ջիլուտ թալա» կոչվող հանդամասում։ Հրդեհները մարվել էին մի քանի ժամվա ընթացքում: Հետագա օրերի ընթացքում ազգային պարկի մի շարք տեղամասերում ևս հրդեհների դեպքեր են գրանցել և ընդհանուր թիվը հասել է 6-ի»,- նշել էր նա՝ հավելելով, թե երեկ 16:30-ի սահմաններում հրդեհի օջախ էր հայտնաբերվել Դիլիջան ազգային պարկի Հաղարծին տեղամասի 6-րդ պահաբաժնում: Եվ պարկի աշխատակիցների արագ արձագանքման շնորհիվ կրակը տեղայնացվել էր, հրշեջների օգնությամբ ամբողջությամբ մարվել:
Մարինե Կարապետյանը պատասխանելով Past.am-ի այն հարցին, թե հստակ տեղեկություն կա՞, որոնք են եղել հրդեհների առաջացման պատճառները, նշեց, որ այս պահին հստակ տեղեկություն չկա, սակայն իրենց աշխատակիցները բոլոր դեպքերի մասին տեղեկացրել են իրավապահներին: Ըստ նրա՝ հրդեհները էական վնաս մանավանդ անտառին չեն հասցրել, խոտածածկ տարածքներ են եղել, և բոլոր դեպքերի մասին տեղեկացվել էր և՛ ԱԻՆ-ը, և՛ Ոստիկանությունը:
Կարող ենք բացառել այն, որ սա միտումնավոր է արվել կամ անզգուշության հետևանք է: Սրան ի պատասխան՝ նախարարի մամուլի քարտուղարը ընդգծեց, թե ոչ ոք, առավել ևս ինքն իր աշխատասենյակում նստած դա չի կարող ասել: Կարող են ենթադրություն անել, բայց դա որպես պաշտոնական տեղեկություն տրամադրել չեն կարող:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ