Այս պահին այդպիսի որոշման մասին տեղեկություն չունեմ. Արսեն Բաբայանը՝ ԱԺ արտագնա նիստի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրկու օր է՝ լուրեր են շրջանառվում, թե ապրիլի 17-ի Ազգային ժողովի հատուկ նիստը, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է, կարող է այլ տարածքում տեղի ունենալ:
ORER.am-ի հարցին՝ կա՞ նման որոշում, ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը պատասխանեց. «Այդպիսի որոշում կարող է ընդունել ԱԺ խորհուրդը կամ ԱԺ նախագահը։ Այս պահին այդպիսի որոշման մասին տեղեկություն չունեմ»:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի ՀՀԿ խորհրդի նիստը, որի ժամանակ խորհուրդը որոշեց առաջադրել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունը, անցկացվեց Ծաղկաձորում, ոչ թե կուսակցության կենտրոնական գրասենյակում՝ Երևանի Մելիք Ադամյան փողոցում: Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարող ցուցարարները նախատեսել էին շրջափակել ՀՀԿ գրասենյակը, որպեսզի խափանեն նիստը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տեղեկություն կա, թե նիստը տեղի է ունենալու Ծաղկաձորում: Ցուցարարները չհասցրեցին որևէ ակցիա անել:
Լևոն Փանոսյան