ՀԽՍՀ նախկին գլխավոր դատախազի որդուն մերժեցին
ОБЩЕСТВОԿենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀԽՍՀ նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի որդի Վիկտոր Տեր-Հովսեփյանի հայցը՝ ռուս գործարարների ցուցմունքների հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Հիշեցնենք, որ Հայաստանում մեծ գումարներ ներդրած ռուս գործարարներ Ալեքսեյ Կորեպանովը, Դմիտրի Աֆոնինը եւ Դմիտրի Կոտովը փորձում են պատասխանատվության ենթարկել Վիկտոր Տեր-Հովսեփյանին, ով, գործարարների խոսքով, իրենցից յուրացրել է 5 միլիոն դոլարի չափով գումար:
Ռուս գործարարների դիմումների հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնում օտարերկրյա ներդրողներին խարդախության զոհ դարձնելու դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու փաստի առթիվ: Տեր-Հովսեփյանը, գործին ներգրավված լինելով վկայի կարգավիճակով, բողոքարկել էր Քննչական կոմիտեի՝ քրեական գործ հարուցելու որոշումը: Մի քանի ամիս տեւած դատաքննության արդյունքում դատարանը (դատավոր Արմեն Բեկթաշյան), մերժեց Տեր-Հովսեփյանի հայցը:
Հիշեցնենք, որ ռուս գործարարների շահերը ներկայացնում է «Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը: Կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը կարծում է, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանը հարցը կանխամտածված կերպով տեղափոխել էր դատարան, որպեսզի ժամանակ շահի: «4 ամիս է՝ դատաքննություն է ընթանում, եւ պատեհ-անպատեհ առիթներով իրենք միջնորդում են, որպեսզի երկարաձգվի այս դատապրոցեսը: Սա այն դեպքում, երբ գործով որպես վկա ներգրավված Վիկտոր Տեր-Հովսեփյանի իրավունքները չեն խախտվել, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը: Տեր-Հովսեփյանի փաստաբանների հայտարարություններից ստացվում է, որ եթե Հայաստանում մեկը հաղորդում տա ինչ որ մեկի կողմից խարդախության մասին, պետք է բոլորը հարցնեն այդ անձի փաստաբանների կարծիքը՝ նրանք կո՞ղմ են, որ քրեական գործ հարուցվի, թե՞ ոչ: Վաղը կարող են այլ մարդիկ հայտնվել մեղադրյալի աթոռին: Ու եթե մարդը հանգիստ է, գիտի, որ ինքը քրեորեն պատժելի արարք չի կատարել, ապա չպետք է անհանգստանա»,- մեզ հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:
Հարցը դատարան տեղափոխելու Տեր-Հովսեփյանի երկրորդ արդյունքը, ըստ իրավապաշտպանի, այն է, որ փաստաբանները դրանով հնարավորություն ունեցան ծանոթանալ քրեական գործի նյութերին եւ մշակել իրենց հետագա մարտավարությունը: Սա, ըստ Մարինա Պողոսյանի, գործը վարող քննիչի բացթողումն է: «Իհարկե, եթե բողոքարկվել է քրեական գործի հարուցումը, գործի նյութերը պետք է ներկայացվեին դատարան: Սակայն քննիչը պարտավոր էր որոշել այն ծավալը, որին փաստաբանները կարող էին ծանոթանալ: Տուժողների ցուցմունքներին ծանոթանալու հնարավորություն քննիչը պարտավոր էր չտալ»,- նշեց Մարինա Պողսյանը:
«Վելես» ՀԿ-ն ՀՀ Քննչական կոմիտեին եւ Հատուկ քննչական ծառայությանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ քննիչ Ռուբեն Նազարյանի կողմից նախաքննության գաղտնիքը խախտելու, գործի նյութերը Տեր-Հովսեփյանին ներկայացնելու, դրանով իսկ հանցագործություն կատարելու համար:
«Մենք էստեղ որեւէ մեկի անձնական շահը չենք հետապնդում: Մենք ընդամենն արձանագրում ենք, որ եղել է հանցագործություն, եւ փաստաբանների խումբը, որ իրեն պատեպատ է տալիս, թե ինչու է Մարինա Պողոսյանը հաղորդում տալիս հանցագործության մասին, պետք է իմանա, որ խարդախությունը հանրային մեղադրանք է, եւ եթե տեսել եմ, որ այստեղ կա ինչ-որ հանցագործություն, իրավունք ունեմ հաղորդում տալու: Ես փաստաբան չեմ, որ ինչ-որ մեկի շահերը՝ ճիշտ, թե սուտ, պաշտպանեմ: Ես իրավապաշտպան եմ, կարծում եմ, որ կատարվել է հանցագործություն եւ պաշտպանում եմ մարդու իրավունքները»,-ասաց կազմակերպության նախագահը:
Հարցին՝ դատարանի վճիռը սպասելի՞ էր, Պողոսյանը պատասխանեց. «Օբյեկտիվորեն, եթե դատենք, վճիռը պետք է այսպեսին լիներ: Գիտեք՝ ինչ, ելնելով մեր դատական համակարգի վիճակից, շատ դժվար է ասել: Բայց դատավոր Բեկթաշյանի մոտ մենք էլի ենք ունեցել դատական նիստեր բարձրաստիճան նախկին պաշտոնյաների վերաբերյալ, եւ Բեկթաշյանը միշտ արդար որոշումներ է կայացրել:
Դատախազի կեցվածքն էլ էր շատ հստակ: Եթե այլ որոշում կայացվեր, դա կնշանակեր, որ Քննչական մարմինը պիտի Հայաստանում վերանա, կամ քննի միայն գողության եւ սպանության դեպքեր: Եթե այսօր դատարանի վճիռն այլ լիներ, մենք պետք է դիմեինք մինչեւ ՄԻԵԴ: Դատարանի վճիռը սպասելի էր, կարծում եմ՝ նաեւ հակառակ կողմի համար: Ուղղակի փաստաբան են, իրենց գործն են անում»:
Գագիկ Աղբալյան