Հայաստանն ու Մեքսիկան քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
POLITICSՀՀ ԱԳՆ-ում սեպտեմբերի 23-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Մեքսիկական Միացյալ Նահանգների ԱԳ նախարարությունների միջև: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությունները վարել են ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության պետ Արման Հակոբյանը և Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղրության Եվրոպայի վարչության պետ Ֆրանսիսկո դել Ռիոն:
Քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական համագործակցության խթանմանը, տարբեր միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք մտքեր են փոխանակվել արդի միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ: Կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը:
Այցի ընթացքում մեքսիկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Աշոտ Հովակիմյանի և Ռոբերտ Հարությունյանի հետ:
Փոխնախարար Հովակիմյանի հետ հանդիպմանը քննարկվել են մի շարք տարածաշրջանային հիմնախնդիրներ, այդ թվում՝ վերջին զարգացումները լատինաամերիկյան մի շարք երկրներում, ԼՂ բանակցային գործընթացի շուրջ, ինչպես նաև հայ-մեքսիկական հարաբերություններին վերաբերող հարցեր:
Փոխնախարար Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ, մասնավորապես՝ առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հնարավորություններին, գործարար շրջանակների փոխայցելությունների անհրաժեշտությանը, տնտեսական ոլորտի իրավապայմանագրային դաշտի ձևավորմանն առնչվող հարցերի: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Մեքսիկայի տնտեսության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ: