Զինված ընդդիմությունը հրաժարվել է Սիրիայի կարգավորման բանակցություններից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական ընդդիմադիր խմբավորումները հայտարարել են, որ իմաստ չեն տեսնում բանակցային գործընթացի շարունակման հարցում, քանի դեռ շարունակվում են ռմբակոծությունները, ասված է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի և զինված խմբավորումների համատեղ հայտարարությունում, հայտնում է RIA Novosti-ն:
«Անվտանգության ներկա իրավիճակում բանակցային գործընթացն անօգուտ է, և ռմբակոծությունների, սպանությունների ու ավերումների պայմաններում իմաստ չունի»,- հայտարարել են ավելի քան 30 զինված ձևավորումներ, որոնք մտնում են ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի (ՍԱԲ) կազմում:
ՍԱԲ-ը ներկայացնում է Սիրիայի չափավոր ընդդիմության ռազմական թևը և կռվում է Բաշար Ասադի կառավարական զորքերի դեմ: Սիրիական ռազմական հետախուզության տվյալներով՝ այդ բոլոր ջոկատները «Ջեբհաթ ան Նուսրայի» կա՛մ դաշնակիցներն են, կամ ենթարկվում են նրան:
«Մենք չենք ընդունի Ռուսաստանին որպես բանակցությունների կուրատոր, քանի որ այն ռեժիմի դաշնակից է նրա հանցագործություններում»,-ասել են ընդդիմադիրները: Սիրիական ընդդիմությունը բազմիցս Ռուսաստանին մեղադրել է խաղաղ բնակիչներին ռմբակոծելու մեջ: