Նադեժդա Սարգսյանը՝ «Ամենակարող երգիչը» նախագծի, շուկայի պահանջարկի և Սպիտակցի Հայկոյի երգեցողության մասին
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԱռաջին ալիքի եթերում այս ամիս մեկնարկել է երաժշտական նոր նախագիծ՝ «Ամենակարող երգիչը»: Մամուլում, սոցիալական ցանցերում և այլուր ծրագիրը ենթարկվել է բազմաթիվ քննադատությունների: Մշակույթի գործիչներն իրենց մտահոգությունն են հայտնում՝ Հանրայինի եթերում ռաբիս երաժշտության քարոզն իրականացնելու հետ կապված: Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը խիստ վրդովված է:
Արվեստագետը հետևյալ գրառումն է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Ոտքի´, հայ ժողովուրդ: Սա երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել»:
Past.am-ի հետ զրույցում երգչուհի, պրոդյուսեր, նախագծի ժյուրիի անդամ Նադեժդա Սարգսյանն ասաց, որ ծանոթ չէ քննադատական գրառումներին: Երգչուհին անդրադարձավ այն երաժշտական ոճին, որը մատուցվում է եթերից:
«Նախկինում ռեստորաններում երգում էին լավագույն երգիչները՝ ներկայացնելով հայեցի երգեր: Այսօր ռեստորաններում և հեռուստատեսությամբ հնչում են թուրքա-արաբական ոճի մեջ հայերեն երգեր: Այդ հեռուստածրագրերը պատրաստողներն ասում են, թե պահանջարկն է այդպիսին: Պահանջարկը ստեղծում են հենց այն երգիչները, որոնք մատուցում են այդ երգերը: «Ամենակարող երգիչը» ստեղծվել է, որպեսզի քննադատվի ոչ հայեցի երգեցողությունն ու երաժշտությունը: Մեր ռեստորաններում պետք է մաքրվի այդ կեղտը, այդ թուրքա-արաբական լադը, որը մտել է մեր երաժշտության մեջ, հայերեն շեշտադրությունները լիովին աղավաղվել են: Նույնիսկ միջազգային հիթերն են սխալ վոկալով երգում: Ռեստորանի և դահլիճի հանդիսատեսը նույնն է, ինչո՞ւ նրանք պետք է չլսեն նորմալ երաժշտություն»,- նշեց Նադեժդա Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի մաքրել երաժշտությունը:
Երգչուհին հայտնեց, որ առաջիկայում նախագծի մասնակիցները կկատարեն աշուղական, Երևանի մասին և այլ երգեր:
«Մենք ոչինչ չենք կարող փոխել ո՛չ խոսքով, ո՛չ կռվով, բայց այս ծրագիրը հենց դրա համար է, որ մարդկանց կարողանանք ասել՝ բավական է: Հենց առաջին ծրագրում ասվում է՝ այդպիսի երգեր չի կարելի երգել: Ես և Արթուր Գրիգորյանը կարողանում ենք դա ասել, անգամ, եթե նախագծի մասնակիցը մեր աշակերտն է: Մեր մասնակիցներ Զառան և Տաթևիկը, օրինակ, կարողանում են պահպանել մաքուր երգեցողությունը, որ ժանրում էլ երգեն»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով ռաբիս երգիչ Սպիտակցի Հայկոյի՝ ժյուրիի կազմում հայտնվելուն՝ երգչուհին հիշեցրեց, որ այդ մրցութային օրվա թեման ռաբիսն էր:
«Սպիտակցի Հայկոն այնպես մաքուր է Սայաթ-Նովա երգում, բայց այդ մարդն ասում է՝ Նադյա ջան, ես փող եմ աշխատում: Էլի փող աշխատեք, բայց երգեք նույն մաքրությամբ, ինչպես Սայաթ-Նովա եք երգում: Նույն 6/8-ում մենք ժամանակին երգել ենք «Թագվորի մեր, դուրս արի», բայց մենք պահպանել ենք հայկական լադը: Հուսանք, եթե ոչ լիովին, ապա գոնե մի 60%-ով կկարողանանք մաքրել դա»,-հավելեց Նադեժդա Սարգսյանը:
Լևոն Փանոսյան