Գազի թանկացումից տասն օր է անցել, բայց ազդեցությունն արդեն զգալի է
POLITICSԻնչպես հայտնի է, հուլիսի 19-ից գազը թանկացել է: Իհարկե, բնակիչ-սպառողների համար սակագները մնացել են անփոփոխ, սակայն խոշոր սպառողների համար սակագինը բարձրացել է: Անցել է ընդամենը տասը օր, և հետևանքներն արդեն նկատելի են: Մասնավորաբար, այս օրերին վարորդներն արձանագրում են, որ այս թանկացումն իրենց զգացնել է տվել գազալցակայաններում, ուր սեղմված գազի գինը բարձրացել է մոտ տասը տոկոսով: Մյուս կողմից՝ որոշակի բացասական ազդակներ են ստացվում նաև այլ ապրանքների թանկացման առումով: Տնտեսագետները նշում են, որ գազի գնի բարձրացման հետ կապված՝ թանկացումները դեռ կշարունակվեն:
«Որքան էլ ասեն, թե որոշ հատվածի համար գազի գինը չի բարձրանալու, այդ ամենն իրականում լիրիկական է հնչում: Գազի գնի այս բարձրացումն իր ազդեցությունն է ունենալու հատկապես բոլոր առաջին անհրաժեշտության ապրանքների վրա:
Անկախ նրանից, թե մեր վիճակագրական մարմիններն ինչ թվեր կհրապարակեն գնաճի մասին, միևնույն է, ավելի կարևոր է իրական շուկան, որտեղ արդեն իսկ գների բարձրացում ենք տեսնում»,- «Փաստի» հետ զրույցում նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Երբ ասում են՝ տեսեք՝ գազը թանկացել է միայն խոշոր սպառողների համար, սրա մեջ որոշակի բառախաղ կա, որի նպատակն ուղղակի մարդկանց շփոթեցնելն է: Իրականում հենց բնակչության համար է թանկանում, որովհետև ապրանքների սպառողը բնակիչն է»,- իր հերթին մեզ հետ զրույցում ասաց էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ հավելելով, որ գազի թանկացումը ավտոմատ կերպով դրա հետ կապված ապրանքների թանկացմանն է հանգեցնում: