«Եսակենտրոն համակարգը պահպանվել է, ուղղակի «ես»–ն է փոխվել»
ИНТЕРВЬЮՔաղաքական բանավեճի մշակույթը շատ ցածր մակարդակի վրա է: Այնպիսի տպավորություն է, որ ապրիլ–մայիսյան իրադարձությունները, որոնք իշխանական թիմը հեղափոխություն է անվանում, չեն ազդել քաղաքական բանավեճի մշակույթի մակարդակի վրա: ԱԺ–ում կառավարության ծրագրի շուրջ քննարկումները թույլ են տալիս եզրակացնել, որ դրանք էապես չէն տարբերվում նախորդ տարիների քննարկումների մակարդակից: Մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Այն տպավորությունն էր, որ ընդամենը իշխող քաղաքական ուժի անունը և մարդիկ են փոխվել, իսկ ընդդիմության քննադատության նկատմամբ նրանց վերաբերմունքն ամբողջովին նույնն է մնացել: Ավելին, նախկինում այդ առումով ՀՀԿ–ն գոնե փորձում էր ինչ–որ ձևականություն պահպանել: Այս քննարկումների ժամանակ իշխող ուժն անգամ այդ ձևականությունը չէր պահպանում, և այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ իրենց համար այս պահին թշնամի են ընտրել ԼՀԿ–ին: Պահվածքը, շատ դեպքերում, ուղղակի հարիր չէր Հայաստանում ստեղծված այն իրավիճակին, որի մասին նշում է նույն իշխող թիմը»,–ասաց նա՝ շեշտելով, որ այս մակարդակն իր խորքային պատճառն ունի:
«Հայաստանում կառավարման փիլիսոփայությունը չփոխվեց: Վերջին 10 տարվա ընթացքում ստեղծված քաղաքական կառավարման համակարգի փիլիսոփայությունը եսակենտրոն իշխանական համակարգն էր:
Թե՛ կառավարության ծրագրի շուրջ քննարկումներից, թե՛ կառավարության կառուցվածքի վերաբերյալ օրենքի նախագծից տեսնում ենք, որ այսօր ևս այդ փիլիսոփայությունը չի փոխվել: Եսակենտրոն համակարգը պահպանվել է, ուղղակի «ես»–ն է փոխվել, առաջ ուրիշ էր, հիմա՝ ուրիշ «ես» է: Իսկ երբ եսակենտրոն է լինում, միշտ «ես»–ին ենթակա գործիչները «ես»–ին դուր գալու համար սկսում են արմատական քննադատության ենթարկել «ես»–ի թշնամիներին կամ այն մարդկանց, որոնց «ես»–ին թշնամի են համարում»,–ասաց նա՝ շեշտելով, որ նախկինում ՀՀԿ–ականները, այժմ էլ «Իմ քայլի» ներկայացուցիչներն են այդպիսի վարք դրսևորում:
«ՀՀԿ–ի ժամանակ բազմաթիվ պատգամավորներ պարտական էին ոչ թե իրենց գործունեությանը, այլ իրենց ղեկավարին: Այս պահին նույնպես այդպես է, որովհետև «Իմ քայլը» խմբակցության առնվազն մեծամասնությունը ԱԺ–ում հայտնվելու համար պարտական է դաշինքի ղեկավարին: Սա էր պատճառը, որ ԱԺ–ում ղեկավարին դուր գալու, ղեկավարին քծնելու մի ամբողջ տեսարանի ականատես եղանք: Սա ոչ թե ինստիտուցիոնալ կառավարման համակարգերի, այլ «ես»–ի իշխանության շարունակությունն է»,–ընդգծեց Ա. Բադալյանը:
Նրա խոսքով, իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, երբ Հայաստանում իշխանության եսակենտրոն համակարգը կփոխարինվի ինստիտուցիոնալ կառավարման համակարգերով. «Երբ Հայաստանում իշխեն ոչ թե «ես»–երը, այլ՝ ինստիտուտները, պատգամավորները քծնելու առիթ չեն ունենա: Ի տարբերություն անձի, ինստիտուտներին չես կարող քծնել: Բնականաբար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն իրենց այդ վերաբերմունքը պետք է հայտնեին կառավարության ծրագրի շուրջ դիսկուրսի ժամանակ, ինչը և արեցին: Շատ դեպքերում ոչնչացնող քննադատություն հնչեցրեցին ԼՀԿ–ի հասցեին՝ հիմքում ունենալով վարչապետին դուր գալու, ինչպես նաև պետական կառավարման համակարգում, ԱԺ–ում մնալու իրենց նպատակը: Ի դեպ, նախկինում ևս կային բազմաթիվ մարդիկ, որոնք ուզում էին դուր գալ ղեկավարին և մշտապես քծնում էին նրան, բայց երբ պահը եկավ, առաջինը հենց քծնողները հեռացան այդ կառույցից: Այն պահից, երբ «ես»–ի վարկանիշը կնվազի, իսկ այս պահին այն արդեն իսկ անկում է ապրում, որոշ ժամանակ հետո նույն քծնողներն առաջինը կսկսեն նոր «ես» փնտրել»:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ