Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
73 երկրի քաղաքացի է աշխատել Հայաստանում. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
2019 թվականի առաջին կիսամյակում ՀՀ-ում աշխատող օտարերկրացիների թիվը կազմել է 4990 անձ կամ ՀՀ աշխատաշուկայում «զբաղվածների» ընդհանուր թվի 0,5 տոկոսը։ Նրանց մեծամասնությունը՝ 3031-ը, եղել են տղամարդիկ։
Այս մասին տեղեկանում ենք «Միգրացիան թվերով» վերլուծական տեղեկագրից, որտեղ հրապարակվել են 2019-ի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացրած օտարերկրացիների վերաբերյալ տվյալները, որոնք միգրացիոն ծառայությունը ստացել է ՊԵԿ եկամտային հարկ վճարողների տվյալների շտեմարանից։
Մեր աշխատաշուկայում օտարերկրացի աշխատուժի մեջ մեծամասնություն են կազմում 25-34 տարեկանները՝ ընդհանուր թվի 37,6 տոկոս, որոնց հաջորդում են 35-44 և 45- 54 տարեկանները:
Բավականին մեծ ներկայացվածություն ունի նաև աշխատաշուկա նոր մտնող 16-24 տարեկանների խումբը՝ 12,4 տոկոս։
Միևնույն ժամանակ, նշվում է, որ Հայաստանում աշխատանքային գործունեություն է իրականացրել 73 պետության քաղաքացի։
Նրանց թվում մեծամասնություն են կազմում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիները, ընդ որում՝ ՌԴ քաղաքացիների մասնաբաժինը կազմում է 61 տոկոս։
Կան նաև Իրանի, Վրաստանի, Ուկրաինայի, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության քաղաքացիներ։
Բացի սրանից, անդրադարձ է կատարվել, թե Հայաստանում աշխատանքային գործունեություն իրականացնող օտարերկրացիները տնտեսության որ ճյուղերում են ներգրավված եղել։
Ներկայացված ժամանակահատվածում ՀՀ տնտեսության 20 ճյուղերում զբաղված է եղել 5326 օտարերկրացի, այսինքն՝ եղել են անձինք, որոնք ընթացքում ունեցել են 2 կամ ավելի գործատու կամ փոխել են իրենց գործատուին։
Օտարերկրացի աշխատուժի մեծամասնությունը զբաղված է եղել հետևյալ ոլորտներում՝ «Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում»՝ 18,4, «Մշակվող արդյունաբերություն»՝ 10,9, «Տեղեկատվություն և կապ»՝ 10,5, «Կրթություն»՝ 10 տոկոս։