Ալավերդցիները կդիմե՞ն կտրուկ գործողությունների․ «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» թերթը գրում է․
Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդեն նախկին աշխատակիցները տևական ժամանակ է բողոքի ձայն են բարձրացնում իրենց 3 ամսվա աշխատավարձի չվճարման հարցով։
Հավելենք, որ գործարանի մետալուրգիական արտադրամասի 165 աշխատակիցներին դեկտեմբերի 30-ին վճարել էին 1 ամսվա աշխատավարձը, իսկ մյուս մասը խոստացել էին վճարել մինչև 2020 թվականի հունվարի 15-ը, սակայն մինչ օրս չի վճարվել: Խնդիրն այն է, որ գործարանի տնօրինությունը աշխակիցներին հայտնել է աշխատանքից ազատման մասին, սակայն նրանց վերջնահաշվարկ նույնպես չի տրամադրվել։
Տեղի ունեցող ակցիաներին մասնակցում է ավելի քան 100 աշխատակից։
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, իրենց բողոքին չարձագանքելու և պատշաճ լուծում չտալու դեպքում նրանք պատրաստվում են դիմել ծայրահեղ քայլերի՝ ընդհուպ փակել Հայաստան մտնող երկաթգիծը, ինչպես նաև դեպի Վրաստան տանող միջպետական մայրուղին։
Մեր տեղեկություններով, նախօրեին Ալավերդիում բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են և որոշել իրենց առաջիկա անելիքների մասին։
Ի դեպ, իշխանամերձ հատվածի որոշ ներկայացուցիչներ, որոնք «դեսանտ» են իջեցվել բողոքավորների շրջանում, փորձում են ամեն գնով մեղմել աշխատակիցների զայրույթը և նրանց հեռու պահել կտրուկ գործողություններից։
Սակայն թերթի զրուցակից ալավերդցիներից մեկը նշել է, որ իրենք տրամադրված են վճռական, ոչ մեկի ձայնին չեն անսալու, պահանջում են, որ գործարանի ղեկավարությունը իրենց վճարումների հետ կապված հստակեցումներ մտցնի։
Շատերը դժգոհում են նաև, որ այդ ուշացումների պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել նաև բանկերում։
Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։