Yerevan, 18.April.2025,
00
:
00
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ֆինանսական համակարգի խրախճանք՝ տնտեսության իրական հատվածի և մարդկանց թշվառության խորապատկերին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, էկոնոմիկայի նախկին փոխնախարար Գագիկ Վարդանյանի հետ զրուցել ենք 2023 թ. հունվարի 1-ից կենսաթոշակները, նվազագույն աշխատավարձերը բարձրացնելու նախաձեռնության, շարունակվող գնաճի, ինչպես նաև հուլիսի 1-ից ուժի մեջ մտած այն փոփոխությունների մասին, որոնք վերաբերում են անկանխիկ վճարումներին: Գագիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում նախ անդրադարձել է նվազագույն աշխատավարձի և նպաստի բարձրացմանը:

«Նվազագույն աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել 9,4%-ով, իսկ մինչև երկու տարեկան երեխայի նպաստի չափը՝ 6,9%ով:Ենթադրաբար, այդ տիրույթում կլինի նաև կենսաթոշակների բարձրացումը: Նախքան այդ թվերին անդրադառնալը, հարկ է նշել, որ ցածր կենսամակարդակով երկրներում, ինչպիսին Հայաստանն է, տնային տնտեսությունների եկամուտների մեծ մասը ծախսվում է սննդամթերքի վրա: 2020 թվականին մանրածախ առևտրի շրջանառության մեջ պարենային ապրանքների մասնաբաժինը կազմել է 58 %, որը 0,4 տոկոսային կետով ավելի է 2019 թվականից: Ընդ որում, մինչև 2019 թվականը դրսևորվել են այս ցուցանիշի նվազման միտումներ, իսկ 2020 թվականից՝ աճի միտումներ, ինչը նաև նշանակում է աղքատության մակարդակի բարձրացում»,ընդգծեց մեր զրուցակիցը:

Մատնանշելով մի շարք ցուցանիշների մասին՝ նա հավելեց. «Ըստ պաշտոնական վիճակագրության, 2022-ի հունվար-մայիսին 2021ի նույն ժամանակահատվածի նկատմամբ գյուղատնտեսական արտադրանք արտադրողների իրացման գների ինդեքսը կազմել է 19,9 %: Այս ցուցանիշն ստացել են գյուղատնտեսական 58 արտադրանքի քանակների և միջին գների վերաբերյալ տվյալների հիման վրա: Եթե չդիտարկենք մյուս ապրանքների և ծառայությունների աճը, ապա միայն այս մասով ակնհայտ է դառնում նվազագույն աշխատավարձի, նպաստների կամ կենսաթոշակների բարձրացման նշաձողը. այն առնվազն պետք է 20-25 % լինի, սակայն այդպիսի բարձրացման մասին խոսք չկա, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ խոսել սոցիալական լարվածության մեղմման մասին: Ավելին, դատելով այս տարվա անցած ժամանակահատվածում ձևավորված ոչ միայն ներքին, այլև համաշխարհային միտումներից՝ 2023ին սպասվում է ավելի վատ սոցիալ-տնտեսական վիճակ, որի մեղմման հիմնավոր ուղին կարող է լինել տնտեսության զարգացման արագացումը: Նպատակահարմար է թվում առնվազն 30 %-ով «սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ» պետական բյուջեի ծախսային հոդվածով միջոցների ավելացումը, թեկուզև փող տպելու ճանապարհով»:

Տրամաբանությունը, Գագիկ Վարդանյանի խոսքով, հետևյալն է. «Վերոնշյալ հոդվածով տրամադրվող միջոցներն ամբողջությամբ ծախսվում են հիմնականում սննդամթերքի, պակաս չափով՝ ծառայությունների համար, այսինքն՝ սպառման հետաձգում չի կարող տեղի ունենալ: Եթե նույնիսկ չառանձնացվեն պարենային, ոչ պարենային ապրանքները, ապա 2021 թվականին մանրածախ առևտրի շրջանառության 42,7%-ը կազմել է այս հոդվածով ծախսերի մասնաբաժինը: 2021-ի աճի տեմպի պահպանման և նշված բարձրացումները հաշվի առնելու դեպքում այդ մասնաբաժինը կմնա գրեթե անփոփոխ: Մինչդեռ 30 %-ով նշված հոդվածի աճը կհանգեցնի ինչպես մանրածախ առևտրի շրջանառության նշանակալի մեծացմանը՝ առաջացնելով հարկային մուտքերի համապատասխան ավելացում, այնպես էլ կբարձրանա նշված ծախսերի մասնաբաժինը՝ հասնելով 46,9%-ի: Այդպիսով, ինչ-որ չափով կբարելավվի բնակչության սոցիալապես խոցելի մի զգալի հատվածի սոցիալական վիճակը: Առհասարակ, պետք է նկատի ունենալ, որ ճգնաժամային իրավիճակներից դուրս գալու ուղիներից մեկը սոցիալական ակտիվ քաղաքականությունն է»:

Անդրադառնալով դրամի ամրապնդմանը, զուգահեռ դիտարկելով նաև շարունակվող գնաճային դրսևորումները՝ Գագիկ Վարդանյանը մի շարք հանգամանքների մասին մատնանշեց: «Գնաճը գլոբալ երևույթ է, ինչ-որ չափով արհեստական խթանված՝ ամեն ինչի մեղքն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության, ըստ էության, նեոֆաշիզմի դեմ պատերազմի անարդարացի լինելու տնտեսական հենքի ստեղծման համար: Սա Արևմուտքի անբարո կեցվածքի դրսևորումն է, որն ավելի ցայտուն դրսևորվեց Արցախյան երկրորդ պատերազմի նկատմամբ նրա վերաբերմունքով: Ինչ վերաբերում է դրամի ամրապնդմանը, ապա այդ մասին շատ է ասվել. դոլարը դարձել է անպիտան արժույթ: Նկատի ունենալով այն, որ մեր տնտեսությունը սերտ կապված է ՌԴ տնտեսության հետ, բնականաբար, ռուբլու ամրապնդումը հանգեցրել է դրամի ամրապնդմանը: Միաժամանակ, ՌԴից մեծաթիվ քաղաքացիների՝ թերևս ժամանակավոր ներգաղթը նպաստել է արտարժույթի առաջարկի, մի շարք ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի բարձրացմանը: Բացի դրանից, աշխարհի մի շարք երկրներում, կապված էներգակիրների գների բարձրացման հետ, տեղի է ունենում գնաճի շղթայական ռեակցիա, որը չի կարող չդրսևորվել ՀՀ-ում գնաճի տեսքով:

Տնտեսական և քաղաքական անորոշությունները նույնպես էական դերակատարում ունեն այդ գործընթացի վրա: Խնդիրն անգամ գնաճը չէ: Խնդիրը երկրի տնտեսության դիմադրողականության բարձրացումն է, որի պայմաններում գնաճային ճնշումներն այդքան ցավագին չեն լինի: Ամեն դեպքում, իշխանությունները պարտավոր են համարժեք սոցիալական և տնտեսական բնույթի միջոցներ ձեռնարկել՝ հատկապես սոցիալապես խոցելի խավերին, ՓՄՁ-ին այդ ցնցումներից եթե ոչ զերծ պահելու, ապա գոնե դրանք մեղմելու համար: Պետք է նկատի ունենալ նաև, որ, բացի սոցիալական հետևանքներից, դրամի արժևորումը խիստ բացասական ազդեցություն է ունենում արտահանման վրա: Անշուշտ, միայն այդ լծակով չէ, որ պետք է բարձրացվի արտահանվող ապրանքների մրցունակությունը, պահանջվում են նաև տեխնոլոգիական փոփոխություններ, շուկաների խոր իմացություն»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է տնտեսական քաղաքականությանը, ապա Գագիկ Վարդանյանն այն անբավարար գնահատեց: Նրա խոսքով, եթե տնտեսական բլոկի կառույցները չլինեին, արդյունքը նույնը կլիներ: «Քաղաքականություն մշակողները և իրականացնողները գուցե տեղյակ չեն, որ տնտեսական ոլորտին առնչվող օրենքները, կառավարության որոշումները պետք է տնտեսագիտական հիմնավորում ունենան, միտված լինեն երկրի տնտեսության և տնային տնտեսությունների վիճակի բարելավմանը, այլապես խոսքը կվերաբերի կամայականությանը, պետական անարդյունավետ և անհեռանկարային կառավարմանը»,հավելեց նա:

Գ. Վարդանյանի հետ զրույցում անդրադարձել ենք նաև հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքին: Մեր զրուցակիցը մատնանշել է տարակուսանք առաջացնող այն հանգամանքները, որոնք նկատել է դեռ այն ժամանակ, երբ օրենքը պարզապես նախագիծ էր: ««Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի հիմնավորման, նաև դրա ընդունմամբ պայմանավորված օրենսդրական մյուս փոփոխությունների նպատակներ են սահմանվել կանխիկ դրամաշրջանառության նվազեցումը, հարկային վարչարարության բարելավումը և պայքարը ստվերային տնտեսության դեմ, ինչպես նաև ֆինանսական միջնորդության ծավալների մեծացումը, ինչը, ըստ նախագծի հեղինակների, կհանգեցնի ողջ ֆինանսական համակարգի զարգացմանը: Մյուս նպատակն անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթի ձևավորումն է: Բայց միայն կանխիկ դրամաշրջանառության սահմանափակմամբ նշված խնդիրների լուծման մոտեցումը բավականին պարզունակ ու չհիմնավորված է: Ավելին, ըստ հեղինակների, առավել ստվերային և կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտներ են դիտարկվել բուժսպասարկումը, կրթականը: Ստացվում է, որ կրթական հաստատություններում տեղի են ունենում կանխիկ գանձված վարձավճարների յուրացումներ, ինչը առանց սովորողների թվի թաքցման հնարավոր չէ: Բայց սա ոչ թե ստվեր, այլ քրեական հանցագործություն է: Բացի դրանից, դժվար է համաձայնել, որ հենց այդ ոլորտներն են առավել ստվերային և կոռուպցիոն: Գուցե այլ ոլորտներում են, ինչպես, ասենք, պետական գնումները, նաև ճանապարհաշինությունը»,-նշեց նա:

Գագիկ Վարդանյանը շեշտեց՝ ինքնանպատակ է թվում նաև անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթի ձևավորման արագացման պարտադրանքը. «Նրանք, ովքեր համոզվել են անկանխիկ գործառնությունների շահավետության մեջ, առանց պարտադրանքի դա անում են. հարմար է, եթե, օրինակ՝ սմարթֆոնով կարող ես կատարել կոմունալ և այլ վճարումներ, գումար փոխանցել ինչ-որ մեկին: Բայց դա մշակույթ է դարձել տնտեսության նոր, արագ զարգացող հատվածներում բարձր որակավորմամբ աշխատողների համար, որտեղ նաև վարձատրությունն է արժանապատիվ: Ինչ վերաբերում է ֆինանսական միջնորդության ծավալների մեծացմանը և այդպիսով ֆինանսական համակարգի զարգացմանը, ապա մասնագիտական առումով կոռեկտ չէ միայն անկանխիկ գործառնությունների միջոցով ֆինանսական միջնորդության ծավալների մեծացմամբ պայմանավորել մի ամբողջ համակարգի զարգացումը: Այս առումով ուշագրավ է, որ Հայաստանի ֆինանսական զարգացման ցածր համաթվի (0,26) պարագայում այդ համաթիվը ձևավորող մյուս երկու ենթահամաթվերից ամենաբարձրը ֆինանսական հաստատություններինն է (0,47), իսկ ֆինանսական շուկաներինը կազմում է ընդամենը 0,03: Այս պայմաններում անկանխիկ գործառնությունների զարգացման միջոցով ֆինանսական համակարգի զարգացման մասին խոսք լինել չի կարող: Մինչդեռ կարող է խոսք լինել տնտեսության իրական հատվածի զարգացումը զսպելու, տնային տնտեսությունների վիճակը վատթարացնելու մասին»:

Ընդգծելով օրենքի այլ դրույթների մասին՝ նա հավելեց. «Եթե ինչ-որ մեկն իր խնայողություններով ցանկանում է, օրինակ՝ ավտոմեքենա կամ բնակարան գնել, ըստ օրենքի պահանջի, պետք է դրա համար նախատեսված գումարը մուտքագրի բանկային հաշիվ և դրանից կատարի վճարում, ինչը ենթադրում է լրացուցիչ ծախսեր՝ կապված բանկային ծառայությունների հետ: Ինչո՞ւ: Օրենքի հեղինակները այս առումով նշում են ֆինանսական միջնորդության ծավալների մեծացման, անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթի ձևավորման նպատակների մասին: Լավ, բայց ինչո՞ւ պետք է այդ նպատակների իրագործման համար ՀՀ քաղաքացին վճարի, որի վիճակը, մեղմ ասած, այնքան էլ բարվոք չէ: Այսինքն, արտասահմանից ստացված անհատական տրանսֆերտների, բանկերից և ֆինանսական կազմակերպություններից, գրավատներից ստացված վարկերի մի որոշ մասը, օրենքի ուժով, կհոսի հետ՝ դեպի այդ հաստատություններ»:

Գագիկ Վարդանյանի դիտարկմամբ, օրենքի «գլուխգործոցը» գրավատներին առնչվող դրույթն է: «Եթե կարճ, ապա խոսքը գործունեության այդ տեսակը տնտեսական լծակի միջոցով վերացնելու մասին է: Կանխիկ գործարքների սահմանաչափերը (2022 թ. հուլիսի 1-ից՝ 80 հազար դրամ, 2023 թ. հունվարի 1-ից՝ 50 հազար դրամ, 2024 թ. հունվարի 1-ից՝ 20 հազար դրամ) ինքնին խոսում են երկրի բնակչության ծայրահեղ ցածր կենսամակարդակի մասին: Օրենքով, փաստորեն, բանկերին լրացուցիչ հնարավորություն է ընձեռվում նպաստել մարդկանց ցածր կենսամակարդակի էլ ավելի ցածրացմանը, չհաշված այլ անհարմարությունները, որոնցից տեղին կլինի անդրադառնալ մեկին: Վերջերս մի միջադեպ տեղի ունեցավ: Մի գյուղից տարեց մի անձնավորության մոտակա քաղաքի բուժկենտրոն հասցնելու համար շտապ օգնության խմբին պետք էր վճարել 20 հազար դրամ:

Մի պահ պատկերացնենք, որ այդ գումարը ստանալու համար մարդը դիմել է գրավատուն, որն էլ այդ գումարը փոխանցել է նրա բանկային հաշվին: Գյուղում էլ բանկոմատ չկա: Դա դեռ ոչինչ, ճանապարհին կարելի է գտնել: Բայց պարզ է, որ 20 հազար դրամ հնարավոր չի լինի ստանալ, քանի որ պայմանավորված միջնորդավճարի չափով՝ այդ գումարը կնվազի 300 դրամով: Այսինքն՝ 19 700 դրամ չի լինի վճարել այդ ծառայության համար: Նշվածը կարելի է անվանել բանկերի, ընդհանուր առմամբ, ֆինանսական համակարգի խրախճանք՝ տնտեսության իրական և տնային տնտեսությունների հատվածների թշվառության խորապատկերին»,-եզրափակեց մեր զրուցակիցը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card Flight on the Wings of a Book: Bvik and Idram Promote the Love of Reading AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in Armavir
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը