Ծայրահեղ վիճակ, որը կարող է վճռական դեր խաղալ
АНАЛИТИКАՀայաստանում կորոնավիրուսային ճգնաժամը շարունակում է խորանալ։ Այն դեպքում, երբ աշխարհում այս վարակը սկսել է նահանջել, մեզ մոտ այն նոր արագությամբ է սկսել տարածել իր մետաստազները՝ իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ։ Բնականաբար, այս իրավիճակը չի կարող հանրային արձագանք չստանալ։
Խնդիրն այն է, որ հասարակական-քաղաքական լայն շրջանակներ դժգոհ են այս իրավիճակից, որի գլխավոր պատասխանատուն իշխանություններն են, որոնք ճիշտ ժամանակին չկարողացան գլուխ հանել իրադրությունից և վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտ գործիքակազմ կիրառել։
Եվ տրամաբանական է, որ Փաշինյանի վարկանիշը, որ մինչ համավարակն էլ սրընթաց անկում էր ապրում, հիմա առավել ևս սկսել է գահավիժել, իսկ իշխանությունների նկատմամբ հանրային ճնշումը սկսել է մեծանալ։
Եվ ահա այսպիսի իրադրության պայմաններում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, զգալով իշխանությունների մոտալուտ տապալումը, փորձում է Փաշինյանին օգնության հասնել, բայց նրա խոսքը շատ վաղուց հասարակության մեջ չունի այն կշիռը, որպեսզի իր ձայնը վճռորոշ նշանակություն ունենա։
Առաջին նախագահը, ինչպես միշտ, կեղծում է և փորձում պղտոր ջրում ձուկ որսալ՝ մեղադրելով բոլոր նրանց, ովքեր քննադատում են իշխանություններին ապիկարության համար։ Արդյունքում ստացվում է, որ, բացի իշխանություններից, մնացածը դավաճան են, որովհետև, գրեթե առանց բացառության, իշխանություններին ապիկարության և ամեն ինչ տապալելու մեջ մեղադրում են գրեթե բոլորը:
Դե, հասկանալի է, իշխանության որոշ շահառուներից ու սատելիտներից բացի: Այնինչ, ակնհայտ է, որ իշխանությունն ինքն է միշտ հակադրվել բոլորին, ինքն է բոլորին հեռացրել իրենից, թշնամացել բոլորի հետ, անսխալականության ու մեծամտության բարդույթով անտեսել ցանկացած քննադատություն ու խորհուրդ: Բայց այս մասին, իհարկե, Տեր-Պետրոսյանը լռում է:
Ի դեպ, պատերազմական իրավիճակի հետ համեմատության մասին թեզը սիրով վերցրել են նաև իշխանությունները, որպեսզի պաշտպանվեն քննադատություններից և արդարացնեն իրենց գործողությունները, բայց Հայաստանի իրադրությունը յուրահատուկ չէ, քանի որ համավարակը պատերազմ է հայտարարել ոչ միայն Հայաստանին, այլև ողջ աշխարհին։
Հարկ է ուշադրություն դարձնել, թե ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում իշխանությունների հետևողական հակաճգնաժամային քայլերի արդյունքում կորոնավիրուսը նահանջեց, և շատ շուտով այդ երկրները նախատեսում են անգամ բացել իրենց սահմանները զբոսաշրջիկների առաջ։
Մինչդեռ Հայաստանը դեռևս չի բացառում նոր սահմանափակումների կիրառումը և կարանտինային ռեժիմի հաստատումը։
Մյուս կողմից, հնարավո՞ր է պատկերացնել, որ պատերազմի ժամանակ գերագույն հրամանատարը իրեն թույլ տա ասել՝ մենք դժոխքի մեջ ենք, ամենքդ ձեր զենքը վերցրեք ու կռվեք, մենք ինչ կարողացանք՝ արեցինք։ Հնարավոր չէ:
Ու եթե իշխանությունների ձախողման արդյունքում երկրի քաղաքացիների առողջությունը վտանգի տակ է, իսկ իշխանությունները պարզապես չգիտեն իրենց անելիքն ու հույսը դրել են բացառապես հանրության գիտակցականության ու պատասխանատվության վրա, ապա բնական է, որ այս դեպքում մյուս քաղաքական շրջանակները ուղղակի լռել չեն կարող։
Ընդդիմությունը հենց նրա համար է, որ բարձրաձայնի իշխանության թերացումները և քննադատի։ Ծայրահեղ դեպքում պահանջի նաև իշխանությունների հրաժարականը: Իսկ հիմա իրոք ծայրահեղ վիճակ է:
Վիճակ, որի պարագայում նույն ժողովուրդը, որն իրենց իշխանության է բերել, նույն կերպ էլ կպահանջի նրանց հեռացումը, որպեսզի իշխանության գան նրանք, ովքեր կկարողանան «ավերակացս թագավորել»։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ