Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


«Երևանի կենտրոնի սրճարաններով չի կարելի տնտեսական ակտիվություն չափել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարվա 7 ամսվա պաշտոնական տվյալներով, Հայաստանում գրանցվել է 5,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ։ Խոսելով հրապարակվող ցուցանիշներից, անդրադառնալով նաև կառավարության ներկայացրած ծրագրում առկա կանխատեսումներին՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշում է, որ, մեղմ ասած, լուրջ չի վերաբերվում ներկայացվող թվերին:

«Հարցն այն է, որ կան իրողություններ, և մենք պետք է ելնենք հենց առկա իրողություններից: Կանխատեսվող ու ակնկալվող ցանկացած տնտեսական աճի դեպքում ընդհանրապես մեկ հիմնական հիմք գոյություն ունի: Խոսքը ներդրումային աղբյուրների մասին է: Այսինքն, ցանկացած ծրագրի, ցանկացած տնտեսական աճի համար ներդրումներ են անհրաժեշտ: Այդ ներդրումները, ըստ էության, գոյություն չունեն: Ինչքան էլ հայտարարեն, թե առաջիկայում բազմամիլիարդանոց ներդրումներ են սպասվում, ինչ-որ բենզալցակայանների կառուցման հետ կապված ներդրումային հոսքեր են ակնկալվում, միևնույնն է, դրանք որակական ցուցանիշներ չեն:

Կառավարության 5 տարվա ծրագրի մեջ նշվել է մշակող արդյունաբերության ոլորտում ինչ-որ ակնկալիքների մասին, խոսք կա այդ ոլորտին 80 մլրդ դրամ հատկացնելու մասին, մինչդեռ տվյալ ոլորտի համար դա չնչին գումար է: Բացի այդ, մատնանշված չեն գերակա ոլորտները. արդյո՞ք այդ ոլորտներն են հաստոցաշինությունը, մեքենաշինությունը, որևէ բան, մեծ հաշվով, պարզ չէ: Ընդամենը գործ ունենք մի փաստաթղթի հետ, որի մեջ նշված են թվեր, բայց չկան ելակետային տվյալներ: Զուտ մասնագիտական առումով շատ բարդ է գնահատել՝ ապագայի հետ կապված ակնկալվող արդյունքներն օրինաչա՞փ են արդյոք, թե՞ ոչ: Ես կարող եմ փաստել միայն այն իրողությունները, որոնք ունենք և որոնք խաթարում են ներդրումային միջավայրը: Առաջինն անվտանգային ճգնաժամն է: Սահմանային, անվտանգային լրջագույն ճգնաժամ ունենք: Այս առումով հարկ է նշել ամենաթարմ օրինակներից մեկը՝ վերջերս թշնամու կողմից մեր ճանապարհները փակելու հետևանքը, երբ Իրանից ապրանքները չէին կարող տեղափոխվել դեպի մայրաքաղաք ու այլ բնակավայրեր: Մեծ հաշվով՝ գործ ունենք ապրանքաշրջանառության կորստի հետ»,ասաց Հայկ Ֆարմանյանը:

Նա նշեց, որ ներդրումներ կատարելու ցանկություն ունենալու համար կարևոր է անվտանգային միջավայր ունենալը, կարևոր են նաև անվտանգ սահմանները, կայունությունն ու բարենպաստ օրենսդրական դաշտը. «Նույն չարաբաստիկ օրինագծերը՝ գույքահարկի, նաև, այսպես կոչված, ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքները, ներդրումային միջավայրը խաթարող օրինագծեր էին, մինչդեռ ներդրումներ ներգրավելու համար պետք է խթանող, խրախուսող քաղաքականություն լինի: Այսօր, երբ հսկայական արտագաղթ կա, պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի կարողանա ՀՀ քաղաքացուն կապել իր հողի հետ: Ներդրումային խթանող քաղաքականություն ասելով՝ ես նկատի ունեմ ներդրումային ծրագրերի մեջ ՀՀ քաղաքացիների ներգրավվածության անհրաժեշտությունը, բայց նման փաստեր մենք չենք տեսնում: Կառավարության ծրագրի մեջ ներդրումային քաղաքականության մասին որևէ դրույթ չկա»:

Վերադառնալով ներկայացվող թվերին ու անդրադառնալով նաև կառավարության ծրագրում ակնկալվող ցուցանիշներին՝ Հայկ Ֆարմանյանը հավելեց. «Երևանի կենտրոնի սրճարաններով չի կարելի տնտեսական ակտիվություն չափել: Տեսեք, թե այսօր մարզերում ինչ է կատարվում: Սահմանամերձ շրջաններում թշնամին նույնիսկ անասուններ է գողանում: Ես չգիտեմ՝ ինչո՞վ ենք չափում տնտեսական ակտիվությունը: Թշնամին տիրացել է մեր ջրային ռեսուրսներին, ունենք սահմանային անվտանգության խնդիր, կոնկրետ չենք կարող մատնանշել նաև, թե որ ներդրողներն են Հայաստան եկել: Եթե այս պարագայում տնտեսական ցուցանիշները չափում են Երևանի սրճարաններով, ցավում եմ, բայց դա որակական ցուցանիշ չի կարող հանդիսանալ: Գուցե ժամանակավոր էֆեկտ տա, բայց հեռահար տեսանկյունից այս առումով լուրջ ցուցանիշներ չենք կարող ակնկալել»:

Վերոնշյալ իրողությունները, որոնց թվում նաև անվտանգային ճգնաժամն է, Հ. Ֆարմանյանի խոսքով, ուղղակի և անուղղակի ազդեցություն ունեն տնտեսության վրա: «Տնտեսական զարգացումը, ակտիվությունը, տնտեսական աճը որոշակի իմաստով բիզնես տրամաբանություն ունեն: Այսինքն, երբ սովորական գործարարը, շահույթ ակնկալելով, ներդրում է իրականացնում, դա հետագայում արտացոլվում է ամբողջ տնտեսության մակարդակով: Լոկալ բիզնեսների արդյունքում տնտեսական աճ է արձանագրվում: Հիմա վերցնենք նույն անշարժ գույքի շուկան, որտեղ լճացած վիճակ է: Ինչո՞ւ անշարժ գույք չի վաճառվում այնպես, ինչպես մի քանի տարի առաջ, որովհետև մարդիկ սպասողական վիճակի մեջ են, ունենք հսկայական արտագաղթ, վերջին ժամանակաշրջանում ներմուծման ծավալները կրճատվել են: Մեծ հաշվով, հրապարակվող, նաև ակնկալվող ցուցանիշներն այդքան էլ չեն արտացոլում իրական պատկերը: Գուցե ժամանակավոր ինչ-որ արդյունքներ արձանագրվեն, բայց գոյություն ունի որակական ցուցանիշ:

Ցավոք, այսօր այդ որակական ցուցանիշները չկան: Որակական ցուցանիշներ արձանագրելու համար, նույն մշակող արդյունաբերությունը զարգացնելու, տնտեսության նման այլ ճյուղեր զարգացնելու համար նախևառաջ կայունություն պետք է լինի, ինչպես նաև անվտանգային ճգնաժամի հաղթահարում և սահմանային անվտանգություն: Ոչ պրոֆեսիոնալ կարծիք հայտնողներ կան, ասում են՝ տեսեք՝ Երևան քաղաքի կենտրոնում ինչ է կատարվում, սրճարանները լիքն են: Կրկին եմ ուզում շեշտել՝ չի կարելի տնտեսական ակտիվությունը Երևանի կենտրոնի սրճարաններով չափել, որակական ցուցանիշ չէ սա:

Գուցե մի քանի ընտանիք օգտվում է այդ բարիքներից, բայց ընդհանուր երկրի մասշտաբով ո՞ր ուղղություններն են զարգանում, որտե՞ղ հեռանկար կա: Եթե խոսում ենք գյուղատնտեսությունից, ապա սահմանային խնդիրներ կան, գյուղացու արոտավայրերը, անասուններն ապահովագրված չեն: Մենք տեսնում ենք, թե թշնամին ինչպես է մի քանի գլխաքանակ խոշոր եղջերավոր կենդանի գողանում: Եթե խոսում ենք մշակող արդյունաբերության զարգացման մասին, ապա այսօր մատնանշված չէ, թե, որպես մշակող արդյունաբերության ճյուղեր, որ ուղղություններն են գերակա»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ հարցերն ու խնդիրները բխում են կառավարության ներկայացրած ծրագրից:

«Տեղեկատվական տեխնոլոգիաներից են խոսում, ասում են՝ ոլորտը պետք է զարգանա, բայց պետությունը պետք է մատնանշի՝ կարո՞ղ է որպես պատվիրատու հանդես գալ, թե՞ ոչ: Եթե պետությունը պատվեր չի տալիս ու չի մատնանշում, թե ՏՏ ոլորտը որ ուղղությամբ պետք է զարգանա, ստացվում է, որ մենք ոլորտը գերակա ենք հայտարարում, բայց մեր ՏՏ ընկերություններն ընդամենը դրսի ընկերությունների պատվերներն են կատարում ու ընդամենը զբաղվածություն են ապահովում: Մեծ հաշվով, այս ոլորտում արձանագրված աճը ևս որակական ցուցանիշ չի հանդիսանում: Այս տեսանկյունից կարող ենք նույնն արձանագրել նաև տարբեր ոլորտների մասին, որոնցում ներկայացվող ցուցանիշները տնտեսության զարգացման առումով լուրջ իրողություն չեն արձանագրում: Եթե մենք խոսում ենք լուրջ տնտեսական աճի մասին, ապա բոլոր ուղղություններով ներդրումային հիմք է անհրաժեշտ:

Մեզ բազմամիլիարդանոց ներդրումներ են անհրաժեշտ, բայց չի մատնանշվում, թե որտեղից ու ովքեր են այդ ներդրողները: Ես չարախնդալով չեմ ասում, բայց եթե անգամ պատկերացնենք, որ հետագայում ՀՀ-ն ինչոր խաղաղության պայմանագիր է կնքելու Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ապա այդ երկրները, միևնույնն է, ՏՏ, մշակող արդյունաբերության ոլորտներում ներդրում չեն իրականացնելու, մրցակից պետություններ են մեզ համար: Ասում են՝ ինչ-որ բենզալցակայաններ պետք է ստեղծվեն:

Լավ, ենթադրենք, մի քանի հարյուր բենզալցակայան գործեց Հայաստանում վրացական կապիտալով, բայց տեղական ընկերություններից մի քանիսը պիտի փակվեն: Ի՞նչ ունեցանք. մեկը մտավ շուկա, մյուսները փակվեցին: Գուցե տեղեկատվության պակաս ունեմ, բայց, հանդիսանալով տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, հետևելով իրավիճակին, ես չեմ տեսնում այնպիսի ոլորտ, որտեղ լուրջ ներդրումային ծրագրեր իրականացվեն: Թող մատնանշեն՝ որո՞նք են այդ ոլորտները, ո՞ւր են այդ ներդրումները: Գեղեցիկ բառերով կարելի է ամեն ինչ ասել, ծրագրեր կազմել և այլն, բայց ներդրումներ, ցավոք, չկան»,-շեշտեց Հայկ Ֆարմանյանը:

Ամփոփելով՝ նա հավելեց. «Այս պահին լրջագույն խնդիրներ կան: Առաջին հերթին անվտանգային ճգնաժամն է, որը անհրաժեշտ է հաղթահարել: Մյուս խնդիրը ջրային ռեսուրսների անվտանգությունն է, այս առումով լուրջ ռիսկեր կան: Առնվազն այս երկու խնդիրը մինչև չլուծվի, ճգնաժամի հաղթահարման, առավել ևս՝ տնտեսության վերականգնման մասին դեռ շատ վաղ է խոսել: Արտաքին գործոններով դատողություններ անելն ու հայտարարելը, թե ինչ-որ աշխուժություն կա, ճիշտ մոտեցում չէ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers