Հարություն Մեսրոբյան. «1991 թվականից իրավիճակը «բարեհաջող» փոխանցվում է. որակական միտումներ դեռ չեմ տեսնում»
ИНТЕРВЬЮ«Փաստի» զրուցակիցն է Հանրային խորհրդի անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։
-Պարո՛ն Մեսրոբյան, նոր իշխանության կառավարման ժամանակահատվածում կառավարման առումով մենք ի՞նչ խնդիրներ ունենք: Այդ առումով առանձնացրե՞լ եք հարցեր, որոնք առաջնային լուծման կարիք ունեն:
-Պետության կառավարման իմաստով ամենագլխավոր խնդիրը հետևյալն է. կառավարության կառուցվածքը և, ընդհանրապես, պետական կառավարման համակարգի կառուցվածքը բխում է այն տեսլականից, թե մենք ի՞նչ պետություն ենք ուզում ունենալ: Միայն այս իրավիճակը պատկերացնելուց հետո է հնարավոր խոսել պետական կառավարման, այդ թվում՝ նաև կառավարության կառուցվածքի մասին: Քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, նոր կամ հին կառուցվածքը գնահատելը ճիշտ չէ: Այդ իսկ պատճառով ես զարմանում եմ, որ չորս կողմում գնահատում են կառուցվածքը՝ չիմանալով, թե այդ կառուցվածքն ինչպիսի՞ երկրի կառուցմանն է միտված: Սկզբնական հարցը չիմանալով՝ ինչպե՞ս կարելի է հետևությունը գնահատել:
-Իսկ ինչո՞ւ մինչև հիմա չունենք այդ տեսլականը: Որ՞ն է խնդիրը:
-Ես հարցին հակադարձեմ. իսկ ինչպե՞ս եղավ, որ կոմունիստական ռեժիմներից հետո նորանկախ պետության մեջ զարգացման բազմաթիվ ծրագրեր ներկայացվեցին, բայց այդ ծրագրերից և ոչ մեկը ծրագիր կոչվելու իրավունք չուներ: Ընդհանուր առմամբ, դրանք հիմնականում բարի ցանկությունների և բաժակաճառերի հավաքածու են: Այսինքն, հարցը շատ ավելի հեռուն է տանում այն իմաստով, որ մենք անգամ ծրագիր չունենք: Իսկ ծրագիր չունենք, և, ընդհանրապես, կառուցվածքը չենք կարող գնահատել այն պարզ պատճառով, որ 1988 թվականից մեր, այսպես կոչված, էլիտան չի ներկայացրել, կոնսենսուսի չի եկել այն հարցում, թե ի՞նչ պետություն ենք ուզում մենք ստանալ: Գլուխը դա է, մնացածը հետևանքային հարցեր ու հետևանքային գնահատականներ են:
-Հետհեղափոխական Հայաստանում նոր իշխանությունն այդ խնդիրը որքանո՞վ է գիտակցել:
-Գիտեք, ցավալին այն է, որ 1991 թվականից իմ նկարագրած իրավիճակը «բարեհաջող» փոխանցվում է: Այսինքն, որակական այլ միտումներ ես դեռ չեմ տեսնում: Դա չի նշանակում, որ ցանկություն չկա, բայց, որպես արդյունք, ես այդ միտումները չեմ տեսնում:
-Կադրային քաղաքականության մեջ խնդիրներ տեսնո՞ւմ եք, և ի՞նչ եք կարծում կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի մասին:
-Նախ՝ կադրային քաղաքականության մասին: Ես միշտ զարմանում եմ, որ ցանկացած հարց քննարկելիս մենք ծայրահեղական հիմնավորում ենք բերում: Օրինակ՝ ի՞նչն է լավ, մարդը լինի կաշառակեր, բայց պրոֆեսիոնա՞լ, թե՞ լինի ազնիվ, բայց ոչ պրոֆեսիոնալ: Միանգամից ասեմ՝ երկուսն էլ պետք չէ: Պետք է լինի պրոֆեսիոնալ և ազնիվ:
Հիմա՝ ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ հարցին: Եթե հարցը բացվի, վերլուծությունը շատ ծավալուն է, բայց ես ինչո՞ւ չեմ ուզում այդ վերլուծությունը բացել: Պատճառն այն է, որ ուղենիշ չունենք: Ինչի՞ հետ համեմատենք, որ ասենք՝ 12 նախարարություն ունենալն ավելի լավ է, քան 17-ը: Վերջիվերջո, «Պարկինսոնի օրենքը» ոչ ոք չի չեղարկել: Մենք արդյոք պատրա՞ստ ենք պայքարել «Պարկինսոնի օրենքի» դեմ:
-2015թ. Սահմանադրության 161-րդ հոդվածով Հանրային խորհրդին սահմանադրական կարգավիճակ տրվեց, և այն կառավարության խորհրդակցական մարմին է: Լինելով այդ խորհրդի անդամ՝ այդ մարմնի դերը բարձրացնելու առումով ձեր կողմից առաջարկներ եղե՞լ են:
Պետական կառավարման մեջ այն ամբողջ աշխարհում հիմա շատ մեծ դեր ունի: Հանրային խորհրդին այսօր ամբողջ աշխարհում շատ մեծ դեր է տրվում: Այն մի մարմին է, որը պետական կառավարման իմաստով նպաստում է ակտիվ ու ստեղծագործ հետադարձ կապի ձևավորմանը, առանց որի պետական ոչ մի համակարգ չի կարող արդյունավետ և օպտիմալ աշխատել: Հետևապես, հաշվի առնելով սահմանադրական կարգավիճակը, պետք է բոլորս մտածենք, թե նոր կազմավորվող Հանրային խորհուրդն ինչպես օգտագործել ամբողջ պետական կառավարման օպտիմալացումը և արդյունավետությունը բարձրացնելու համար: Այդ առումով ես տարբեր առաջարկներ ունեմ, որն առանձին քննարկման առարկա է: Այսինքն, արդեն պետական կառավարման հետ համատեղ պետք է վերլուծություն անել՝ առանձին չի լինի:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ