Երևան, 19.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Էրիկիս միշտ ասում էի՝ առանց քեզ ու քո ձայնի մեկ րոպե չեմ ապրի, հիմա տղաներիս համար եմ ապրում». Էրիկ Աբրահամյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունի քաղաքը պաշտպանելիս. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կենսուրախ էր, կյանքով լեցուն: Որտեղ Էրիկն էր, այնտեղ ուրախություն, աշխուժություն էր տիրում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հայկուհին՝ Էրիկի մայրիկը:

Երբ հարցնում եմ, թե մանկության տարիներին նույնպես այդպիսի՞ն էր, մայրիկը ժպտալով արձագանքում է՝ Էրիկս այդպիսին է ծնվել: Ասում է՝ որդին այնքան աշխույժ էր, որ ընտանիքը որոշեց՝ պետք է գոնե սպորտի հաճախի էներգիան պարպելու համար: «Բայց անգամ պարապմունքներից վերադառնալուց հետո այնքան շատ էներգիա էր ունենում, որ այն, ինչ սովորում էր սպորտային պարապմունքների վայրում, պետք է փորձարկեր տանը: Հինգ տարեկանից տարբեր սպորտաձևերի է հաճախել՝ կարատեի, բռնցքամարտի և այլն: Տարբեր սպորտաձևերի՝ թեկուզ կարճ ժամանակով, բայց հաճախել է: Ըմբշամարտի մրցումների ժամանակ վնասվածք ստացավ, և թույլ չտվեցինք այլևս մրցումների մասնակցել, բայց մոտ 10-11 տարի սպորտն իր կյանքում մշտապես կար»:

Տիկին Հայկուհին վերհիշում է՝ Էրիկը մանկապարտեզի հանդեսների գլխավոր դերակատարն էր: «Այդ հանդեսների ժամանակ միշտ վերջին շարքերում էի նստում, որ ինձ չտեսնի, հակառակ դեպքում ամեն ինչ թողնում էր ու ինձ մոտ գալիս: Իրեն վստահված դերը խաղում էր, հետո, երբ գալիս էր մյուս երեխայի հերթը, Էրիկը սկսում էր չարություն անել: Երբ նորից իրեն էին խոսք տալիս, լրջանում էր ու շարունակում իր դերը խաղալ: Անգամ բեմի վրա շատ ակտիվ էր, կարծես դերասան լիներ: Դպրոցում լավ էր սովորում, ակտիվ աշակերտ էր, ուսուցիչներն իրեն շատ էին սիրում, իր մասնակցությունը պետք է ունենար նաև միջոցառումների կազմակերպչական հարցերում: Լիդերի հատկություններ ուներ: Շատ սիրում էր «Ռազմագիտություն» առարկան: Մի քանի վայրկյանում քանդում և հավաքում էր զենքը, ուսուցիչը մի քանի անգամ թույլ է տվել, որ նա վարի դասը: Ռազմական արվեստին վերաբերող դասերի էր մասնակցում: Որսորդություն ևս սիրում էր, հագնում էր անգամ չափերով մեծ շորերը և գնում որսորդության: Իր շորերը մինչև հիմա կա, պահել եմ դրանք»: Էրիկը սովորել է Արմավիր քաղաքի 9-րդ հիմնական դպրոցում, 9-րդ դասարանն ավարտելուց հետո՝ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի «Ֆինանսներ, բանկային գործ» բաժնում:

Բարձրագույն կրթությունը շարունակել է Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի «Ֆինանսներ և վարկ, ապահովագրական գործ» բաժնում:Երկրորդ կուրսի ուսանող էր, երբ զորակոչվեց բանակ: «Շատ էր սիրում իր կուրսեցիներին, ասում էր՝ ափսոսում եմ, որ երբ վերադառնամ, իրենք արդեն ավարտած կլինեն: Սիրում էր բանկային գործը, ես էլ կողքից միշտ ասում էի՝ քեզ այդ մասնագիտությունը շատ «կսազի»: Իր բիզնեսն ուներ, մտադիր էր նաև այն զարգացնել: Սովորում էր, զուգահեռ աշխատում: Այդ տարիքում հասցրեց հայրիկին մեքենա նվիրել, տարիքով մեծերից ավելի աշխատասեր էր: Ամեն օր մտածում էր, թե ինչ անի, ինչով զբաղվի՝ խանութ բացեմ, սա գնեմ: Նույնն էլ բանակում ծառայելու ժամանակ: Զանգում էր՝ մա՛մ, երբ վերադառնամ, այսինչ բանն եմ անելու, այս մի գործն եմ նախաձեռնելու»: Էրիկը բանակ է զորակոչվել 2020 թ.ի հունվարի 14-ին, ծառայում էր Մարտունի 3-ում:

«Հայրիկը միշտ ասել է՝ տղա է, թող գնա, ծառայի ու գա: Վնասվածք ուներ, կարող էր ծառայությունից ազատվել, բայց հայրիկն ասաց՝ թող ծառայի: Ուրախ ենք իրեն ճանապարհել բանակ, սիրով է մեկնել, ընկերների հետ մեծ քեֆ կազմակերպեցինք, ասաց՝ զորացրվելուց էլ մեր բոլոր բարեկամներով կհավաքվենք: Ուրախ էր նաև, որ Մարտունի 3-ում է ծառայելու, քանի որ մտերիմ ընկերն այնտեղ էր ծառայում, մի քանի անգամ էլ հասցրել էր իրեն այցի գնալ: Իրեն շատ լավ էր զգում»: Էրիկն ութ ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: «Այդ օրն առավոտյան 7-ին զանգում է ընկերոջը՝ Սա՛մ, պատերազմ է, մեզ դիրքեր են բարձրացնում: Ընկերն էլ ասում է՝ «էլի դու սկսեցիր, թող քնեմ»: Քանի որ Էրիկը շատ կատակասեր էր, ընկերը չի հավատում նրա ասածին, մտածում է, որ հոգու հետ է խաղում, քնից հանում: Տագնապի ժամանակ արագ դիրքեր են բարձրանում, հեռախոսները մնում են զորամասում, ընկերոջ համարն է միայն անգիր հիշում և ուրիշի հեռախոսից նրան է զանգում: Իրենց նախ տանում են Մարտունու համար N դիրքը, 37 օր այդ դիրքում է եղել: Ամեն օր զանգում էր, բոլորիս հետ խոսում, մեզ շատ բան չէր ասում, մի քանի րոպե ենք խոսել: Երբ ինձ ասացին, որ Էրիկը չկա, չէի հավատում: Մեզ հավատացնում էր, որ ամեն ինչ նորմալ է: 37 օր պաշտպանում է իր դիրքը, ասում են, որ թուրքերից 50 մետր էին հեռու: Նոյեմբերի 2-ին՝ իր ծննդյան օրը, երեկոյան ժամի զանգեց՝ մա՛մ, ումից չէի սպասում, ինձ զանգել են: Ես էլ ասացի՝ Է՛ր, ընկերներդ տորթ էին բերել, ծնունդդ նշեցինք:

Զրուցեցինք՝ մա՛մ, գնամ քնեմ, որ գիշերը նորից պիտի դիտարկում անեմ»: Մայրիկի խոսքով, մի կես ժամ քնից հետո Էրիկին և տղաներին տեղափոխում են, ասում են, որ առաջին գծից տանում են երրորդ գիծ: «Հարթ դաշտ է լինում, դանակներով սկսում են խրամատ փորել, որ առավոտյան պատրաստ լինի: Պատմում են՝ սվին դանակով հողը փորելիս Էրիկը ծիծաղելով ասում է՝ մենք մեր տեղը փորում ենք»: Առավոտյան հարձակում է սկսվում: Նոյեմբերի 3-ի առավոտյան ժամը վեցից մինչև ցերեկը երկուսը տղաները կռիվ են տալիս: «Ժամը երկուսին երեխես ոտքից վիրավորվում է, երբ ընկերները ցանկանում են իրեն էլ տեղափոխել, ասում է՝ «փախեք, ձեզ չկպնի, կասեք, ինձ օգնության կգան»: Ընկերները նահանջում են, զեկուցում, որ Էրիկը վիրավոր է, ասում են, որ կգնան օգնության, բայց չեն գնում: Վիրավոր ոտքը բռնած՝ երեխես անօգնական մնում է դաշտում: Զոհվելուց հետո էլ երեք օր մնում է դաշտում, հետո տեղափոխում են Երևան՝ Հերացի: Իրեն 15 օր փնտրել ենք, չէինք գտնում: Պահել էին ֆուռի մեջ, մինչև դիահերձարանները դատարկվի, նոր տեղափոխեն: Տեղ չմնաց, որ իրեն չփնտրեինք: Հետո երեխուս գտանք այդ մեքենայի միջից»:

Էրիկը զոհվել է նոյեմբերի 3-ին՝ Մարտունի քաղաքը պաշտպանելիս: Տիկին Հայկուհու խոսքով, Էրիկի ամբողջ խմբից միայն հրամանատարը և որդին են զոհվել: «Հրամանատարի զոհվելուց հետո Էրիկն ինքն է կարծես սկսում կառավարել, կազմակերպել, կարծում եմ, որ թշնամին ֆիքսում է նրան: Ի դեպ, երբ գիշերը նրան տեղափոխել են, թևին նռնակ է կապել, երևի կանխազգացում է ունեցել ու ինքն իրեն ապահովագրել, որ գերի չընկնի»: Էրիկի զինակից ընկերները շարունակում են ամուր պահել կապն իրենց ընկերոջ ընտանիքի հետ: «Իրենք մեր տանից չեն բացակայում, բոլորն էլ ամեն րոպե մեր կողքին կանգնած են: Մեզ շատ հաճախ են հյուր գալիս, գիտեն, թե Էրիկը տանն է: Ես էլ գիտեմ, թե Էրիկն էլ իրենց հետ մեր տանն է: Իր բոլոր ընկերները շատ լավն են: Էրիկս էլ, Էդգարս էլ հավասարություն են սիրում ընկերության մեջ, շահամոլ չեն»: «Էրիկն իմ կուռքն է եղել, չգիտեմ՝ առաջնեկս էր, գուցե այդ պատճառով: Մեկ-մեկ ասում եմ՝ մեռնեմ, բայց հետո մտածում եմ՝ բա Էդգա՞րս: Երկու տղաներս էլ մենակ կմնան, ամեն օր գնում եմ Էրիկիս մոտ, չգնամ, ուժ չունեմ ես: Իրենց համար եմ ապրում: Չեմ ուզում մտածել, որ Էրիկս չկա: Հակառակը՝ Էրոս ինձ ուժ է տալիս: Իրեն միշտ ասում էի՝ առանց քեզ ու քո ձայնի մեկ րոպե չեմ ապրի: Էրիկն ինձ այնքան ուժ է տվել, որ և՛ ծիծաղում եմ, և՛ ասում-խոսում: Ճիշտ է, իմ ներսում ոչինչ չի փոխվում, բայց իրենից ստացած ուժը ստիպում է կյանքը շարունակել»:

Հ. Գ. - Էրիկ Աբրահամյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Արմավիր քաղաքի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տարեցներին դարձրել են փորձադաշտ՝ ավելացնելով սթրեսն ու անորոշությունը․ Ցոլակ ԱկոպյանՔաղաքի կենտրոնից փորձել են 11-ամյա աղջկա առևանգելՉինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել է» անապատըՀայաստանի բուհերը՝ համաշխարհային քարտեզից դուրս․ Ատոմ ՄխիթարյանԻնչո՞ւ են ազատվում Շիրակի մարզպետիցՌուբեն, իրականում դու և քո թիմակիցները հովանավորում եք ռազմական հանցագործ թշնամու բանակը․ Մարուքյան Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը Հովնան Սրբազան, բա որ Արցախի տեսիլքը չես ուզում կորցնել, ի՞նչ գործ ունես արցախուրացի և հայրենուրացի «սրտի եպիսկոպոսապետի» պաշտոնում. Դավիթ ՍարգսյանԻ՞նչ հանգամանքներում է 97 համարի ավտոբուսը հայտնվել ձորում Աղքատության հաղթահարումը պետք է լինի գերակա նպատակ․ Ավետիք ՔերոբյանԱնուշավան Սրբազան, լսիր այս խոսքերդ, հիշիր ասածներդ, ու զզվիր ինքդ քեզնից. Դավիթ ՍարգսյանՀայտնի են «Նոայի» հավանական մրցակիցները և խաղերի օրերը Բա քե՞զ դրսից ու ներսից ինչքան գումար են տվել Հայրապետին, եկեղեցին ու հայրենիքդ ուրանալու համար, տիրադա´վ․ Դավիթ ՍարգսյանԳևորգ Սրբազան, վեց ամիս առաջ սրտապատառ գոռգոռում էիր Մայր Աթոռի պատերի տակ. Դավիթ ՍարգսյանԶինված բանդա թե՞ ԱԱԾ, ո՞վ պետք է պատասխան տա․ ՄարուքյանՄարզին քաջատեղյակ, բնակիչների հոգսերը կիսող Կարապետյաններն անտարբեր չմնացին խնդրինԱյն մասին, թե ինչու ձախողված քաղաքական գաճաճը որևէ իրավունք չունի խոսել հայոց արքաների անունից. ՉալաբյանԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասԵկեղեցուց հետո՝ պետությունը. ո՞րն է հաջորդ թիրախըԻ տարբերություն գործող ռեժիմի` ատելnւթյան և բախnւմներ հրահրող խոսույթի, Կաթողիկոսի խոսքը կառուցված էր հայրենիքի շուրջ համախմբվածության, հանդուրժողականության և սիրո մթնոլորտի վրա․ Աբրահամյան Եկեղեցու դեմ գրոհը որպես աշխարհաքաղաքական գործարքՌուբլին թանկացել է․ տարադրամն՝ այսօրԲժիշկներն այս պահի դրությամբ արել են առավելագույնը․ Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը․ Հայր Զաքարիա Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 19-ից 23-ինՄանուկների աղոթքԻնչ իրավիճակ է լարսում Լուկաշենկոն խոսել է Լիտվայի հետ հնարավոր պատերազմի մասին Քարակերտ գյուղի բնակիչը հողամասում թմրամիջոց էր պահում․ ՆԳՆ Dior-ի նոր կինը՝ pre-fall 2026 հավաքածուում. Զուսպ, գիտակցված և անթերի նրբագեղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված 29 նավի և ընկերությունների նկատմամբՄիացյալ Նահանգներն այժմ առաջարկում է նվաստացուցիչ պայմաններ՝ բանակցությունները շարունակելու համար, որոնք իրանը պատրաստ չէ ընդունել․ ՓեզեշքիանՀյուսիսային Կարոլինայի օդանավակայանում բիզնես ինքնաթիռը վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել. խոշոր հրդեհ է բռնկվելԻսրայելը և Գերմանիան 3,1 միլիարդ դոլարի պայմանագիր են ստորագրել ՝ Arrow-3 ՀՕՊ համակարգն ընդլայնելու համար«Բարսելոնան» մտադիր է երկարաձգել համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետԱրարատի մարզում «ՎԱԶ 2106»-ը մխրճվել է կայանված «ՊԱԶ» ավտոբուսի մեջ․ կան վիրшվորներՄիացյալ Նահանգները, Հունգարիան, Սլովակիան և մի շարք այլ երկրներ չեն աջակցի Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին․ ՌյուտեԱխուրյանում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում 2025-ի 3-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 465 անձնագիրԹաիլանդը և Կամբոջան հրադադարի պատրաստակամություն են հայտնել. Չինաստանի ԱԳՆԵՄ-ն համաձայնել է ուսումնասիրել սառեցված ռուսական ակտիվների հաշվին Ուկրաինային ֆինանսավորելու տարբերակըԹեժ իրավիճակ Վեհարանի բակում Շատերը չէին ուզում, որ Դանի Օլմոն խաղա «Բարսելոնայի» կազմում, բայց մենք հասանք մեր նպատակին․ ԼապորտաԻշխանությունների հերթական ձախողումը. Մայր Աթոռի պաշտպանության համար շուրջ 10,000 քաղաքացի էր հավաքվել Հունվարին կենդանակերպի 3 նշանների ճակատագիրը կփոխվի Tesla-ի սեփականատերերը գնում են վթարային մուրճեր՝ դռների անսարքության պատճառով. BloombergԵՄ-ի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին ընտրությունների հարցում, եվրոպական միջամտության անկեղծ խոստովանություն էր․ ԼավրովՖինլանդիան 15 միլիոն եվրոյի անօդաչու թռչող սարքեր կգնի Գերմանիայում՝ Մանհայմում մահացու վրաերթ կատարած վարորդը դատապարտվել է ցմահ ազատազրկմանՄբապեն կրկնել է Ռոնալդուի, Մեսսիի և Լևանդովսկու նվաճումները Շվեդիան իր սուզանավը կփոխանցի Լեհաստանին