ԵՄ-ի հետ ՀՀ-ի առևտրաշրջանառությունը 2015 թվականին կազմել է 1,2 մլրդ ԱՄՆ դոլար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2015 թվականին Եվրամիության երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 1,2 մլրդ ԱՄՆ դոլար: Այն ՀՀ-ի ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալի 25 տոկոսն է: Այս մասին «Արևելյան ներդրումներ» ծրագրի տարեկան համաժողովի ժամանակ նշեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:
«Առանձնակի ուշադրության են արժանի Եվրամիության նախաձեռնությունները Հայաստանում գործող ինստիտուտների կարողությունների զարգացման ուղղությամբ: Նման համակողմանի մոտեցումը նպաստում է գործարար միջավայրի վրա ազդող կառույցների գործունեության կատարելագոծմանը երկարաժամկետ կտրվածքով` հաշվի առնելով ԵՄ-ի փորձը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Մարտին Սարգսյանը:
Նրա խոսքով, արդեն վստահությամբ կարելի է նշել, որ նման կայացած ծրագրերից է Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող «Արևելյան ներդրումներ» ծրագիրը: Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը այդ ծրագրի ազգային համակարգողն է: Ծրագիրն աջակցություն է ցուցաբերում բիզնես ասոցիացիաների, գործարարությանն աջակցող կազմակերպությունների կարողությունների զարգացման գործում: