Թուրք ազգայնամոլները հրդեհել են քրդական կուսակցության կենտրոնական գրասենյակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայոց ցեղասպանությունը ճանաչող Թուրքիայի միակ խորհրդարանական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության գլխավոր գրասենյակը ենթարկվել է ազգայնամոլ թուրքերի հարձակմանը։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ ազգայնամոլական խմբերը սեպտեմբերի 8-ի երեկոյան հարձակվել են Անկարայում գտնվող քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության գլխավոր գրասենյակի վրա եւ հրդեհել այն։
Twitter-ում HDP-ի կողմից հաղորդագրություն է տարածվել, որ իրենց կենտրոնական գրասենյակը ուժգին հարձակման տակ է, իսկ ոստիկանությունն անհրաժեշտ միջոցառումներ չի իրականացնում։
Նշվում է, որ չնայած HDP-ի գրասենյակի դիմաց կանգնած են եղել ոստիկաններ, հարձակվողները հանգիստ մտել են գրասենյակ եւ հրդեհել այն։
Նշենք, որ Էրդողանի հրահրած հակաքրդական քարոզչության հետեւանքով ամբողջ Թուրքիայի տարածքում սկսել են հարձակումներ իրականացնել քուրդ բնակչության, քրդերի խանութների եւ քրդական կուսակցության գրասենյակների դեմ։



