Թոշակների տրամադրման համար 2017 թ. պետբյուջեով կհատկացվի 223 միլիարդ 469 հազար դրամ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի նախագծով թոշակների համար նախատեսվում է հատկացնել 223 միլիարդ 469 հազար դրամ։ Ազգային ժողովում ՀՀ 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը։ «Հայաստանում հաշվարկված է 459 հազար 682 թոշակառու: Կենսաթոշակի միջին ամսական չափը կազմում է 40 հազար 511 դրամ՝ 2016 թ. 40 հազար 807 դրամի փոխարեն: Սրանք շատ միջինացած թվեր են, քանի որ մենք ունենք կենսաթոշակառուների տարբեր խմբեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ջանջուղազյանը:
Նա հավելեց, որ 2017 թ. պետական բյուջեով նախատեսված է նպաստների հատկացման համար տրամադրել 79 միլիարդ դրամ: Հայաստանում նպաստառուների քանակը 223 հազար 800 մարդ է: Ջանջուղազյանի խոսքով՝ սա ևս ընդհանրական ցուցանիշ է, քանի որ ինչպես կենսաթոշակառուների, այնպես էլ նպաստառուների դեպքում կան տարբեր խմբեր: