Վերին Լարսում հայ վարորդների համար ամենահարմարավետ պայմաններն են ստեղծվել. նախարար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերին Լարս սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների, այդ թվում գյուղատնտեսական արտադրանք տեղափոխող վարորդների համար ամենահարմարավետ պայմաններն են ստեղծվել։ Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողներին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Եթե մեկ ամիս առաջ սահմանային անցակետն աշխատում էր մինչեւ երեկոյան ժամը 9-ը, ապա Վրաստանի վարչապետի հետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումից հետո համաձայնություն է ձեռք բերվել անցակետը մինչեւ գիշերը ժամը 12-ը բաց պահելու մասին։ Անցակետը բացվում է արդեն առավոտյան ժամը 5։30-ին։
«Անգամ գիշերը մաքսավորները չեն դադարեցնում աշխատանքը։ Այնպես որ անցյալ տարվա հետ համեմատ Վերին Լարսը ավելի լավ է աշխատում»,- հայտարարել է նախարարը։
Մեքենաների կուտակումներ երբեմն առաջանում են՝ հաշվի առնելով, որ արագ փչացող ապրանքներ այդ անցակետով փոխադրում են նաեւ թուրք արտադրողները։
«Սակայն դա լուրջ խնդիրներ չի առաջացնում։ Եթե նախկինում մեքենաները սահմանին 3 օր էին մնում, ապա հիմա նման բան չկա»,- հավելեց նախարարը։



