Սերբիան մտադիր է անդամակցել ԵՄ-ին, բայց նաև լավ հարաբերություններ պահպանել ՌԴ-ի հետ. վարչապետ Վուչիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍերբիան մտադիր է լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, բայց իր ռազմավարական նպատակն է համարում Եվրամիությանն անդամակցելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը՝ Վաշինգտոնում ելույթ ունենալով Բրուքինգսի ինստիտուտում:
«Մեր գլխավոր ռազմավարական նպատակն առաջշարժումն է Եվրամիություն տանող ճանապարհով»,- ասել է նա: Միաժամանակ «մենք ցանկանում ենք կայուն, նորմալ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ», ընդգծել է Վուչիչը՝ նման դիրքորոշումը որակելով հավասարակշռված:
Նա նաև նշել է, որ իր երկիրը մտադիր է լավ կապեր պահպանել Ուկրաինայի հետ:
Սերբիայի վարչապետը Վաշինգտոնում է գտնվում աշխատանքային այցով: Նա այստեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այցի ծրագրով կոնսուլտացիաներ են նախատեսված Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ղեկավարության հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



