Գյուղնախարարի համոզմամբ՝ անբարեխիղճ մթերողները անպատիժ չեն մնալու
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԳյուղնախարարությունն այնպես է անելու, որ գյուղացուն ոչ մի մթերող կազմակերպություն պարտք չմնա: Այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն՝ անդրադառնալով «Վինար» ընկերությանը, որը խաղողագործներին մի քանի ամիս շարունակ չէր վճարել մթերման գումարի պարտքերը: Նա նշեց, որ նախարարությունը դիմել է դատախազություն, քանի որ խոսք էր տվել գյուղացուն, որ յուրաքանչյուր անբարեխիղճ տնտե սվարող անպատիժ չի մնալու:
«Մենք ընկերությանը նույնիսկ առաջարկել էինք, որ պատրաստ ենք սպիրտի համար գնորդ գտնելու»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց Առաքելյանը:
Գյուղնախարարը վստահեցրեց, որ նախարարությունը կանգնելու է նախ եւ առաջ գյուղացու կողքին: «Գյուղացու գումարը պետք է մեկ շաբաթվա ընթացքում վճարվի: Չի կարող գյուղացին բերքը մի տարի իրացնել եւ մեկ տարի էլ սպասել այդ բերքի գումարին»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ հենց 2015 թվականին գյուղացիների պարտքերը մարվեն,կսկսվի արդեն 2016 թվականին խաղողի բերքի դիմաց գյուղացիների պարտքի մարման գործընթացը:
«Վինար» ընկերությունը դեռ 2015 թվականից մթերված խաղողի դիմաց գյուղացիներին մոտ 100 միլիոն դրամի պարտքը չի մարել: