Երևանում ձնամաքրման աշխատանքները կընթանան նաև գիշերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի կոմունալ ծառայությունները բոլոր վարչական շրջաններում դեկտեմբերի 26-ի ողջ օրվա ընթացքում մայրաքաղաքի արտակարգ ռեժիմով շարունակել են արագորեն մաքրել անդադար տեղացող ձյունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Գլխավոր, եր կրորդական փողոցների ու բակերի ձնամաքրման աշխատանքները հիմնականում կազմակերպվել են «Սանիթեք» ընկերության մեքենասարքավորումներով, որոնք նաև աղի ու շլաքային ավազի խառնուրդներ են շաղ տալիս:
Մայթերի, անցումների ու կանգառասրահների մաքրման գործին ներգրավվել են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների հատուկ տեխնիկան, ինչպես նաև համատիրությունների աշխատակիցները: Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից, չնայած առատ տեղումներին, մայրաքաղաքում բոլոր փողոցները երթևեկելի են: Աշխատանքների ընթացքը տեղերում համակարգում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի աշխատակիցները:
Աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են և կընթանան ողջ գիշերվա ընթացքում, ըստ էության՝ շուրջօրյա ժամանակացույցով»:



