Լարսին այլընտրանքային ճանապարհը չի սահմանափակվում միայն Հարավային Օսիայի տարբերակով. նախարար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանը փորձում է արագացնել Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի շուրջ Ռուսաստանի ու Վրաստանի միջև քննարկումները, որպեսզի նրանք կարողանան համաձայնության գալ: Այդ մասին կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ՀՀ վարչապետի՝ ՌԴ պաշտոնական այցի ընթացքում Մոսկվայում ռուսական կողմի հե տ նախնական քննարկումներ եղել են, բայց վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
Հարցին, թե խոսքը Հարավային Օսիայի՞ տարբերակի մասին է, նախարարը պատասխանեց. «Չի սահմանափակվում միայն Հարավային Օսիայի տարբերակով: Բոլոր ուղղություններով պարտավոր ենք նայել: Որ տարբերակը քննարկման արդյունքում ստանա դրական լուծում, դա կլինի իրատեսական: Քննարկվում են տարբեր ուղղություններ՝ երկաթգծի կառուցում, նոր ճանապարհի կառուցում, բայց վերջնական տարբերակ դեռևս չկա»:
Մարտիրոսյանն ընդգծեց, որ Վրաստանի և Ռուսաստանի հետ Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու նպատակով քննարկումներ անցկացնելու վարչապետի հանձնարարականը նոր է, կքննարկեն ու առաջարկություններ կներկայացնեն կառավարություն:



