Volkswagen-ը մինչեւ հոկտեմբերի 7-ը պետք է հաշվետու լինի Գերմանիայի իշխանությունների առջեւ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի դաշնային ավտոմոբիլային գերատեսչությունը (KBA) պահանջել է Volkswagen ավտոկոնցեռնի իրավաբանական բաժնից մինչեւ հոկտեմբերի 7-ը ծրագիր ներկայացնել, թե ինչպես եւ ինչ ժամկետներում է ընկերությունը նախատեսում արտանետվող վնասակար գազերի չափը համապատասխանեցնել սահմանված նորմերին, հաղորդում են գերմանական լրատվամիջոցները։
Zeit թերթի փոխանցմամբ, եթե ընկերությունը չկատարի KBA-ի պահանջը, վերջինս կարող է չեղյալ հայտարարել տրանսպորտային միջոցի այդ տիպի օգտագործման փաստաթուղթը։ Դրանից հետո Volkswagen-ն իրավունք չի ունենա վաճառել կամ տեղափոխել այդ տիպի ավտոմեքենաներ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
Նշենք, որ Volkswagen ավտոկոնցեռնն ԱՄՆ-ում մեղադրվել է նրանում, որ Volkswagen-ի դիզելային շարժիչով ավտոմեքենաներում ծրագրային ապահովում է տեղադրվել, որը նվազեցրել է վնասակար արտանետումների իրական ցուցանիշը: Ավտոհսկայի դեմ հետաքննություն է սկսվել Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Ասիայում: Մասնավորապես, ամերիկյան կառավարությունը կոնցեռնին պարտավորեցրել է հետ կանչել Volkswagen-ի եւ Audi-ի 482 հազար թեթեւ մարդատար մեքենաներ, որոնք երկրում վաճառվել են 2009-2015 թվականին: Ընկերությանը նաեւ մինչեւ 18 մլրդ դոլարի տուգանք է սպառնում:



