ԿԲ-ն ցորենի համաշխարհային բերքի նվազում և շաքարավազի միջազգային գների դանդաղ աճ է կանխատեսում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2016/2017 մարքեթինգային տարում, համաձայն ԱՄՆ գյուղդեպարտամենտի կողմից հունվարին կատարված կանխատեսումների, ցորենի համաշխարհային բերքը կնվազի 4.2 մլն տոննայով և կկազմի շուրջ 748.2 մլն տոննա, իսկ միջազգային պաշարները, չնայած 4.7 մլն տոննայով կրճատմանը, համաձայն գնահատականների, 2016/2017-ին կունենան համեմատաբար բարձր մակարդակ` 248.6 մլն տոննա: Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված գնաճի հաշվետվության մեջ:
Ցորենի միջազգային գների նվազումը կարճաժամկետ հատվածում կշարունակվի, սակայն ավելի դանդաղ տեմպով` պայմանավորված առատ բերքով, իսկ միջնաժամկետ հատվածում ակնկալվող արտադրության որոշակի կրճատման և համաշխարհային պահանջարկի աստիճանական վերականգման պայմաններում կդրսևորվեն գների թույլ աճի միտումներ:
Շաքարավազի միջազգային գները կաճեն դանդաղ տեմպերով` կապված շաքարավազի արտադրության կրճատման սպասումների հետ, ինչը պայմանավորված է առաջատար արտադրող և արտահանող Բրազիլիայում շաքարեղեգի բերքի ակնկալվող կրճատմամբ: