Դավութօղլուն Նյու Յորքում հակահայկական քարոզչություն է իրականացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով այս օրերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում է, հանդիպում է ունեցել տեղի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ: Waldorf Astoria հյուրանոց ունեցած ելույթի ժամանակ Դավութօղլուն զերծ չի մնացել հակահայկական քարոզչություն իրականացնելուց: Այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:
Դավութօղլուն շնորհակալություն է հայտնել բոլոր այն թուրքերին, ովքեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին «ցեղասպանությունը ժխտող հանրահավաքներ են անցկացրել»:
Թուրքիայի վարչապետը, խոսքն ուղղելով ներկաներին, նշել է, որ նրանք բոլորն էլ լավատեղյակ են այն «ջանքերից, որոնք գործադրվում են Թուրքիային վատաբանելու համար»: Նա հորդորել է «գլուխը բարձր շարունակել Թուրքիայի պաշտպանության համար պայքարը հայկական, հրեական, հունական լոբբիստական կազմակերպությունների դեմ»:
Հանդիպման վերջում նա չի մոռացել նոյեմբերի 1-ին կայանալիք թուրքական խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին` հորդորելով, որ անկախ նախընտրած կուսակցություն ունենալուց քվեարկեն «հանուն Թուրքիայի խաղաղության, կայունության և գալիք սերունդների պայծառ ապագայի»:



