Կառավարությունը երկու օրից ՀԷՑ-ի վաճառքի վերաբերյալ հայտարարություն կանի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության կառավարությունը երկու օրից հանդես կգա հայտարարությամբ «Հայաստան էլեկտրական ցանցեր»-ի վաճառքի վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքի բոլոր պայմանագրերն ուսումնասիրվել են, և երկու օրից հանրության համար հատուկ հայտարարություն կանենք», - ընդգծեց Զախարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ուսումնասիրել են «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության միջև կնքվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի օտարման պայմանագիրը:
Դիտարկմանը, թե նախարարին չի հետաքրքրում, որ ՀԷՑ-ը գնելու ցանկություն հայտնած ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում` Երվանդ Զախարյանը պատասխանեց. «Այս գործարքի հետ կապված ինձ անձամբ ոչինչ չի անհանգստացնում, քանի որ բոլոր փաստաթղթերը հիմնավոր են և պարզ: Երկու օրից վաճառքի հետ կապված, ինչպես նաև սեփականատիրոջ, գրանցումների և մեր հետագա աշխատանքների վերաբերյալ պաշոտնական հայտարարությամբ հանդես կգանք»:
«Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության մասին: