Հորդառատ անձրեւների հետեւանքով ԱՄՆ-ում ջրհեղեղ է եղել. 1 մարդ զոհվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի մաս կազմող Սպարտանբերգ շրջանում շարունակվող հորդառատ անձրեւների հետեւանքով ջրհեղեղ է սկսվել, որի պատճառով տեղի ոստիկանությունը փակել է ճանապարհները, ներառյալ՝ թիվ 95 դաշնային ավտոմայրուղին։ Տարերային աղետի հետեւանքով մեկ մարդ զոհվել է։
Կամուրջներից մեկի տակ միանգամից մի քանի մեքենա ջրասույզ է եղել, մեկ մարդ չի կարողացել դուրս գալ մեքենայից։ Զոհվածի անունը չի հրապարակվել։
Ինչպես պատմել է այդ շրջանի Արտակարգ պատահարների վարչության պետ Դագ Բրայսոնը, երկու հոգու հնարավոր է եղել փրկել։ Մեկ մարդ մնացել է մեքենայում, որը ջրի հոսանքը քշել է ճանապարհից։ Երկրորդին հաջողվել է կառչել ծառից, երբ ջուրը հասել է նրան։ Երկուսին էլ հիվանդանոց են հասցրել աննշան վնասվածքներով։
Ոչ միայն շրջանում, այլեւ ամբողջ նահանգում հեղեղի պատճառով էլեկտրականության վթարներ են տեղի ունեցել։ Հեղեղների տարածքում բոլոր դպրոցները փակվել են, մարդկանց խորհուրդ է տրվում տանը մնալ։ Մոտակա մի քանի օրերի ընթացքում տարերային աղետը կշարունակի մոլեգնել Հարավային Կարոլինայում։ Բացի այդ, հանգստյան օրերին մոտ արեւելյան ծովեզերքին կարող է հարվածել Հոակին մրրիկը, որն այժմ ակտիվ է Ատլանտյան օվկիանոսում։



