ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաստատել է «Площадь Восстания» կայարանում պայթուցիկ սարք հայտնաբերելու մասին լուրերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաստատել է տեղեկություններն այն մասին, որ Սանկտ Պետերբուրգի «Площадь Восстания» կայարանում հայտնաբերվել և վնասազերծվել է ինքնաշեն պայթուցիկ սարք: Այս մասին Gazeta.ru-ին հայտնել է կոմիտեի մամուլի ծառայությունը:
«Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցների շնորհիվ «Площадь Восстания» կայարանում հայտնաբերվել և վնասազերծվել է ինքնաշեն պայթուցիկ սարք», - ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական կոմիտեն ռուսաստանյան ԶԼՄ-ներից պահանջել է դադարեցնել Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում որոտացած պայթյունի վերաբերյալ ենթադրությունների տարածումը:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհվել է տասը մարդ: Հաղորդվում է 50 վիրավորի մասին:
«Ինտերֆաքս» գործակալությունը հայտնում է, որ մետրոյում տեղի է ունեցել երկու պայթյուն: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։



