ՀՀ պետական բյուջեից հատկացվող սուբսիդիաները նվազել են, դրամաշնորհներն` ավելացել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 11 մլն դրամի սուբսիդիաներ` կազմելով եռամսյակային ծրագրի 50.1%-ը և 20.8%-ով (2.9 մլրդ դրամով) զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, սուբսիդիաների նվազումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ 2015 թվականի նույն ժամանակահատվածում 1.9 մլրդ դրամ պետական աջակցություն էր տրամադրվել հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 24.5 մլրդ դրամ դրամաշնորհներ, որից 23.3 մլրդ դրամը` պետական հատվածի այլ մակարդակներին, 1.2 մլրդ դրամը` միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես, համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրամադրվել են 8 մլրդ դրամ դոտացիաներ, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են 2 տոկոսով: Դրամաշնորհների եռամսյակային ծրագիրն, ընդհանուր առմամբ, կատարվել է 67.2 տոկոսով: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 4.4 տոկոսով կամ 1 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված միջազգային կազմակերպություններին տրամադրված դրամաշնորհների աճով: