Տեղական արտադրությունը՝ գյուղապրանքների ներմուծման այլընտրանք
ԲԼՈԳՍեդա Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու հարցը մշտապես օրակարգային խնդիր է եղել Հայաստանի համար: Այս տարիներին փորձարկվել են մի շարք գործառույթներ ամենատարբեր ոլորտների համար:
Այսօր արդեն քննարկվում է գյուղոլորտում սպառվող ապրանքների ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու հարցը: Գործադիրի այսօրվա նիստում գործադիրի ղեկավարը հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին մեկամսյա ժամկետում ներկայացնել առկա սելեկցիոն կայանների ու սերմնաբուծությամբ զբաղվող կայանների գործունեության խթանման վերաբերյալ առաջարկություններ և ըստ անհրաժեշտության` աշխատանքներում ներգրավել Հայաստանի ագրարային համալսարանի մասնագետներին:
Վարչապետի խոսքով, պետք է խրախուսել հանքային և կենսաբանական պարարտանյութերի տեղական արտադրությունը, ինչպես նաև սերմնաբուծությունը: Այս թեմայով հանձնարարականներ է տրվել նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, ըստ որի նախարարությունը պետք է ներդրումային ծրագիր ներկայացնի հանքային ու կենսաբանական պարարտանյութերի արտադրության վերաբերյալ:
Քննարկվում է նաև այս գործընթացում մասնավոր սեկտորին ներգրավելու հնարավորությունները: Ոլորտը շահութաբեր է, ուստի հավանականությունը մեծ է, որ մասնավոր հատվածից հնարավոր կլինի ներգրավել ներդրողներ: