«Ես շատ բախտավոր եմ, որ հանդիպել եմ Արտեմին». Իջինն ու Արտեմ Վալտերը նորություն ունեն
ՖՈՏՈTert.am Life–ը գրում է
Մոսկվայում բնակվող ու ստեղծագործող երգչուհի Իջինը iTunes-ում նոր երգ է ներկայացրել, որը կոչվում է «Everywhere I Go»։ Tert.am Life–ի հետ զրույցում Իջինը նշեց, որ նոր երգն իր և Արտեմ Վալտերի համատեղ աշխատանքն է։ Երգի երաժշտության հեղինակներն են Իջինն ու Արտեմը, խոսքերը գրել է Իջինը։
«Սա մեր առաջին համագործակցությունը չէ։ Մենք համատեղ շատ աշխատանքներ ունենք։ Ես շատ բախտավոր եմ, որ հանդիպել եմ Արտեմին։ Նա ինձ համար ոչ միայն շատ լավ ընկեր է, այլև լավ գործընկեր։ Աշխատանքում մեր պատկերացումներն ու մտքերը նույնն են։ Նա առաջին իսկ բառից հասկանում է, թե ինչ եմ ուզում։ Ինձ շատ հաճելի է նրա հետ աշխատել»,– ասաց Իջինը։
Երգչուհին նշեց, որ վաղուց է ստեղծագործում։ «Ես միշտ գրում եմ երգեր` հիմնվելով իմ հույզերի, զգացմունքների և ապրումների վրա։ Երբ գրում էի այս երգը, ցանկանում էի մոտիվացնել մարդկանց, որոնք վախենում են լինել այնպիսին, ինչպիսին կան, կախված են ուրիշների կարծիքներից։ Պետք է սիրես քո թերություններն ու կառուցես կյանքդ ինչպես ուզում ես։ Շատերն են տուժել ուրիշների կարծիքներից։ Ձեր կյանքը ձերն է։ Միայն դուք կարող եք որոշել, թե ինչպես եք ուզում ապրել»,– նշեց Իջինը։
Երգչուհին ավելացրեց, որ հիմա աշխատում են երգի տեսահոլովակի վրա և շուտով կներկայացնեն այն։