Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչ Լեվինան այցելել է Կոմիտասի թանգարան- ինստիտուտ (ֆոտո, վիդեո)
ՖՈՏՈ«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լեւինան եվրատեսիլյան փրոմո-արշավի շրջանակում Երեւանում է: Այսօր երգչուհին այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ եւ կատարել Կոմիտասի «Կաքավիկ»-ը: Թանգարանում երգչուհուն հետաքրքրել են Կոմիտասի անձնական իրերը, ստեղծած երաժշտությունը, ինչպես նաեւ այն փաստը, որ Կոմիտասը սովորել է Բեռլինի հեղինակավոր Ֆրիդրիխ Վիլհելմ (այժմ Ալ. Հումբոլտի անվան) արքունի համալսարանի փիլիսոփայության բաժնում:
Լեւինան ծանոթացել է նաեւ թանգարանում վերջերս բացված «Հնչյուն եւ լռություն. Երաժիշտը եւ նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությանը, որտեղ ներկայացված են ազգային նվագարաններ: Գերմանացի երգչուհին փորձել է քանոն նվագել, լսել նվագարաններով տարբեր ժողովրդական կատարումներ, որոնք, իր խոսքերով, շատ տպավորիչ են:
Շրջայցի ավարտին Լեւինան գրառում է կատարել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է. «Անչափ շնորհակալ եմ հիանալի եւ հետաքրքիր շրջայցի ու Կոմիտասի մասին պատմելու համար: Ես այսուհետ նրա երաժշտությունն ավելի շատ կլսեմ»:
Լեւինայի այցի ընթացքում նախատեսված է նաեւ հանդիպում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների, եվրատեսիլյան երկրպագուների եւ ԶԼՄ ներկայացուցիչների հետ: