Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այսքան տարիք կա ուսերիս դրված, բայց ես թույլ չեմ տա ինձ այնպես պահել, ինչպես իրենք. Գուժ Մանուկյանը՝ նոր կերպարի, ժամանակակից երիատասարդության և բարքերի մասին

ՖՈՏՈ

Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ի զրուցակիցը Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Գուժ Մանուկյանն է, ով շուտով կրկին հեռուստադիտողին կներկայանա էկրաններից: 

-Պարոն Մանուկյան, Ձեզ շուտով նորից կհանդիպենք սերիալում: Կմանրամասնե՞ք

-Այո, սերիալը կոչվում է «Վերջին հայրիկը», ցուցադրվելու է ATV հեռուստաընկերությամբ: Սցենարիստը Անահիտ Մխիթարյանն է: Պապիկի կերպարն եմ ներկայացնում, տղայիս՝ Դավիթի դերում Վարդան Հովսեփյանն է: Կերպարիս անունը Ռուբեն է, թոռնիկիս կերպարի անունը՝ ևս, սցենարը գրելիս Անահիտը թղթի վրա գրում է «Ռուբեն մեծ», «Ռուբեն փոքր» (ծիծաղում է): «Վերջին հայրիկը», ինձ թվում է, Դավիթն է, ով 12 տարի բանտում անցկացնելուց հետո հայտնվում է իր տղայի կյանքում… «Թոռանս» մայրը, կոպիտ ասած՝ «դուրս ընկած» է եղել, սիրեկանը տունը վաճառել է, ինքն էլ իր որդուն նամակ է թողել և ինքնասպանություն գործել: Երեխայի համար դա սթրես է, քանի որ շուրջբոլորը, դպրոցում ծաղրում են… Դեռևս 5-6 օր ենք նկարահանվել: Սերիալը շատ է տարբերվում ֆիլմից, ֆիլմի դեպքում ի սկզբանե գիտես, թե ինչ զարգացումներ են լինելու, իսկ սերիալի դեպքում այդ մասին, հավանաբար, միայն սցենարիստն է իմանում: Այդ պատճառով շատ մանրամասների չեմ տիրապետում…

-Նախորդ՝ «Հարազատ թշնամի» սերիալում էլ պապիկի կերպարով էիք հանդես գալիս: Շա՞տ եք տարբերվում նախորդ «պապիկից»:

-Դե, նորից դրական պապիկ եմ, ով նվիրված է իր տղային ու թոռանը: Սցենարիստից խնդրել եմ, որ հոգեբանական տեսարաններ լինեն, ես նման կերպարներ եմ սիրում ներկայացնել, դա իմն է: Դեռևս նկատում եմ սցենարում այդ նրբությունները, հոգեբանորեն խաղալու հնարավորություններ կան: Իհարկե, դեռևս չեմ տեսել, թե ինչպես է ստացվել նկարահանումը, բայց առայժմ ինձ գոհացնում է և սցենարը, և մթնոլորտը:

-Որքան հիշում եմ, տարիներ առաջ նկարահանվել եք նաև «Որոգայթ» սերիալում: Սերիալի հիման վրա վերջերս նկարահանվել է գեղարվեստական ֆիլմ: Այստեղ և՞ս ընդգրկված եք:

-Այո, «Որոգայթ» սերիալում նկարահանվել եմ, բայց ֆիլմում նկարահանվելու առաջարկ չեմ ստացել: Բայց դա իրենց գործն է, ես իմ աշխատանքն ունեմ: Եթե պետք լինեմ՝ կգտնեն ինձ…

-Բեմական գործունեությունի՞ց ինչ նորություններ ունեք:

-Բացի այն, որ զբաղված եմ Դրամատիկական թատրոնում, նաև Ժան Նշանյանը բեմադրություն է պատրաստում, կոչվում է «Անբանները»: Այդտեղ երիտասարդ տղաների հայր եմ…Ասմունքի շրջանակներում շուտով 100-րդ տարելիցին նվիրված փառատոնը կսկսենք, որի ընթացքում երեխաները Գևորգ Էմինի և Վահագն Դավթյանի գործերն են ներկայացնելու:

-Պարոն Մանուկյան, Ձեր մասնակցությունը ցանկացած սերիալի, նախագծի լրջություն է հաղորդում, նաև՝ դիտողականություն ապահովում:

-Շնորհակալ եմ: Իսկապես, դրսում էլ զգում եմ, որ մարդիկ ոգևորված են դիտում այդ նախագծերը, մոտենում են, ասում այդ մասին, առողջություն մաղթում` լինի տաքսու վարորդ, խանութի աշխատող, թե պարզապես անցորդ: Հավանաբար, ինչ-որ լավ բան կատարվում է, որ հանդիսատեսն ինձ այդպես է ընդունում: Մեր աշխատանքի միակ գնահատականը մարդկանց վերաբերմունքն է, սերը: Այսպես ասած՝ սա մեր միակ «քյարն» է (ծիծաղում է):

-Նաև մեր երիտասարդ դերասանների համար շատ կարևոր, օգտակար է Ձեզ պես արտիստների կողքին աշխատելը: Ի՞նչ եք կարծում, հե՞շտ է Ձեզ հետ աշխատելը:

-Երևի: Վերջերս այս սերիալի սցենարիստն ասաց, որ բոլորն ասում են՝ Գուժի հետ այնքա՜ն հեշտ է աշխատել: Կարծում եմ, պատճառն այն է, որ ես մեծամիտ մարդ չեմ: Ներկա պահին նաև երեխա խաղըներ ունեմ, երբ տեղը գալիս է, իրեն սիրով մատնանշում եմ, որ եթե այս կամ այն բան այսպես անի, շատ ավելի լավ կլինի: Եվ երեխան լսում է: Իսկ եթե կոպիտ վերաբերես՝ իմացածն էլ կմոռանա: Երիտասարդների հետ աշխատելով՝ երբեմն նկատում եմ, իրենց այնպես են պահում նկարահանման հրապարակում, որ ապշում ես. այսքան տարիք կա ուսերիս դրված, բայց ես թույլ չեմ տա ինձ այնպես պահել, ինչպես իրենք: Այնպիսի պահանջներ են ներկայացնում, նույն տեսարանը, նույն նախադասությունը երկրորդ անգամ չեն կրկնում. Բայց ինչո՞ւ, եթե դերասան ես՝ կրկնի, ի՞նչ կա դրանում: Չէ՞ որ արդյունք պետք է ստանալ, այնքան կրկնի, մինչև ցանկալի արդյունքը լինի:

 

-Կարծում եմ, այստեղ ոչ միայն մասնագիտական խնդիր է, այլ նաև՝ մեծամտության: Դա մարդու տեսակ է:

-Դա էլ կա, իհարկե: Այդպիսի մարդիկ մի փոքր գործ են անում թե չէ, իրենց թվում է՝ գագաթնակետին են: Բայց այդպես չի, մենք հարյուրավոր դերեր ենք խաղացել, բայց մի անգամ չենք մտածել՝ «աստղի» համբավ ունենալ, ինչպես երգիչ-երգչուհիները: Բոլորին «աստղ» են համարում: Գուցե իրենք իրենց այդպիսին չեն համարում, բայց ուրիշներն են համարում: Եվ գիտեք, դրանում մեղավոր է հենց շրջապատը, քանի որ մարդուն գայթակղեցնում է նման բառերով: Բայց ինչո՞ւ, դու քո աշխատանքն ես անում, քո գործը, ինչի համար որ կոչված ես: Ուրիշ բան, որ մարդիկ ուղղակի մոտենում են, լավ խոսքեր ասում, գնահատում, բայց այլ բան է, երբ «աստղեր» են դարձնում… Մեր ոլորտը բարդ է, եթե ընտրել ես այս ճանապարհը, պետք է դիմանաս և՛ քննադատությանը, և՛ գովեստին՝ երբեք քիթդ վեր չբարձրացնելով: Ես այդպես եմ ապրում:

-Միգուցե շատերի համար «քիթը վեր բարձրացնելու» պատճառ է հանդիսանում այն, որ գրեթե ոչինչ չարած՝ համալրում են վաստակավոր արտիստների շարքերը՞: Վերջին շրջանում «բաժանված» կոչումներին ինչպե՞ս եք վերաբերում:

-Իմ կոչումներն այնքան վաղուց են եղել, որ հիմա այլևս չեմ հետևում ու հետաքրքրվում, թե ի՞նչ է տեղի ունենում: Անկեղծ ասած՝ կոչումը ոչինչ չի տալիս, պարզապես, երբ նայում ես շուրջբոլորդ ու տեսնում, որ աննշանը ստանում է, իսկ դու ավելի արժանի էիր՝ ինքնասիրությունդ մի քիչ վիրավորվում է: Եթե վաղուց ստացած չլինեի իմ կոչումներն ու հիմա տային, երևի թե հրաժարվեի: Հոլիվուդյան «գիգանտ» դերասաններ կան, կոչումներ ունե՞ն: Իհարկե ոչ, չունեն պետական մրցանակներ ու կոչումներ, բայց շատ լավ են ապրում, շատ գումար ունեն, դերեր ընտրելու հնարավորություն: Իսկ մեր փոքրիկ երկրում չնչին քանակով ֆիլմերի մեջ դերից հրաժարվել չի կարելի, տարիներդ կկորցնես: Դերասանի գործը խաղալն է, իսկ դերերը մեզ մոտ «թափված» չեն, որ նրանց մեջ ընտրություն կատարես, դերից հրաժարվես: Հրաժարվեցիր՝ վերջացավ, տարիներդ գնացին: Իսկ այն, ինչ կարող ես անել այսօր՝ վաղը չես անի: Աղջիկս երբեմն վիրավորվում է, ասում է՝ ինչո՞ւ են քեզ պապիկի դերեր տալիս: Որոշ տեղեր նույնիսկ «պապիկ» բառը հանում ենք, որ նա չնեղվի (ժպտում է): Բայց դե ինչ արած, տարիքդ արդեն պապիկի է, հետո ինչ, որ քեզ երիտասարդի պես ես պահում ու տարիներդ չես երևացնում: Սպիտակ մազերդ էլ հո չե՞ս կարող թաքցնել: Տարիքը դեր է խաղում: Չնայած՝ ժամանակին այնպիսի՜ դերեր եմ խաղացել…

-Փաստորեն, դեր ստանալիս երբեք ընտրություն չեք կատարում, այլ փորձում եք Ձեր տեսակով կերպարին հասունացնել ու հարստացնել:

-Այնպես չի, որ քեզ մի քանի սցենար են առաջարկում ու պետք է ընտրես: Չկա այդքան սցենար: Նույնիսկ պատրաստի սցենար չկա, ուղղակի բանավոր ծանոթացնում են, թե ինչ է լինելու: Նյութն աչքիդ առաջ պետք է լինի, որպեսզի տեսնես, թե ինչ ես ներկայացնելու, ինչ երկխոսություններ ես ունենալու, որքանով է գրագետ կամ անգրագետ: Խոսքս այս սերիալի մասին չէ, բայց որ տեսնեք, թե երբեմն ինչ սցենարներ եմ ստացել ու վրանները որքան ուղղում եմ կատարել՝ կշշմեք: Գրված «գրականությունը» ստիպված եմ լինում դարձնել կենդանի խոսք: Էկրանին անկենդան խոսքը, ձևական պահվածքը այնպես է «զռում», որ հեռուստադիտողն անմիջապես նկատում է: Պետք է շատ իրական լինել և՛ էկրանին, և՛ բեմում:

-Միգուցե դերասանի, սցենարիստի, ռեժիսորի, այսպես ասած, (школа)-ի խնդի՞ր կա: Չե՞ք ցանկանում Ձեր դպրոցը բացել:

-Ինձ բոլորն ասում են այդ մասին, բայց դրա համար տարածք, պետական աջակցություն է պետք: Քաղաքապետին ասել եմ՝ ինձ տարածք հատկացրեք, որ իմացածս «հետս չտանեմ»: Տարոն Մարգարյանը խոստացավ, բայց առայժմ լռում է… Իսկ տարիքս թույլ չի տալիս սպասել: Այնպես որ, շտապե՛ք, սիրելիներս, հատկացում անել, որ քանի մեջս ուժ կա՝ կարողանամ օգտագործել ի փառս մեր երիտասարդության:

-Որպես հայ մշակույթում մեծ ավանդ ունեցող ժողովրդական արտիստ՝ Ձեզ գնահատված զգո՞ւմ եք, թե՞ հաճախ եք զայրանում Հայաստանում տիրող բարքերից:

-Երբեմն պատահում է, որ նեղվում եմ, մտածում՝ թողնեմ ու հեռանամ այս երկրից: Արդեն այդ աստիճանի է հասնում… Հատկապես զայրացած եմ ճանապարհային երթևեկության պահով. այդքն տուգանքներ, որ «մեզ վրա» են գալիս, անհարիր է, չի՛ կարելի: Գոնե անվանդ, քո արածների համար ամեն «հիմար» բանի համար չի կարելի «պատժել» այս դեպքում՝ վարորդ Գուժ Մանուկյանին: Ես այնքա՜ն վիրավորված եմ: Իսկապես, չի՛ կարելի բոլորին նույն «արշինով» չափել, աշխարհում այդպես չի լինում: Իսկ մեզ մոտ հաշվի չեն առնում՝ ով ես, ով չես: Այս մոտեցումը շատ սխալ մոտեցում է:

-Դա կարո՞ղ է Ձեզ ստիպել՝ մտածել Հայաստանից հեռանալու մասին:

-Ոչ, հիմա արդեն ուշ է: Եվ հետո, եթե հեռացող լինեի՝ շատ հնարավորություններ եմ ունեցել, վաղուց հեռացած կլինեի: Ուղղակի վիրավորական է, որ չեն գնահատում այն, ինչ ունեն: Այ եթե գնաս, այնքա՜ն կգնահատեն, կգովերգեն… Ղափլանյանն ասում էր՝ գնա մեռի, արի սիրեմ, «մեռել» սիրող ազգ ենք դարձել… Հավատացեք, եթե դրսում լինեի ու հյուր գայի, 75-ամյակս ավելի շուքով կտոնեին, Օպերայի դահլիճը կտրամադրեին: Բայց հիմա այդպես չի, քանի որ «տեղում» ես, ասում են՝ դե մերն է էլի: Բավական է մեկնես ԱՄՆ ու գաս. օ՜, «վերևներից» կընդունեն քեզ, այնպե՜ս կընդունեն, կգովերգեն, այնպիսի բաներ կգրեն քո մասին..

-Բայց ես նկատել եմ, որ դուք չեք սիրում շատ երևալ, հարցազրույցներ տալ:

-Այո, ես «փախչում» եմ հարցազրույցներից, երևի առաջին անգամ եմ այսքան երկար խոսում (ժպտում է): Բայց խոսքս բարքերի մասին էր… Մի բան գիտեմ, դերասանը պետք է մի քիչ իրեն հարգի, ամեն տեղ չերևա: Ես մեծամասամբ հրաժարվում եմ՝ գտնելով, որ հանդիսատեսը պետք է դերասանին կարոտի, ոչ թե անընդհատ «մտնես» հանդիսատեսի աչքի մեջ՝ մի քանի ասպարեզում երևալով՝ երգելով, պարելով, հաղորդավարություն անելով: Չի կա-րե-լի: Դա իմ կարծիքն է, իմ հավատամքը:

-Պարոն Մանուկյան, հետաքրքիր է, ժողովրդական արտիստի՝ սերիալներից վաստակած հոնորարը տարբերվո՞ւմ է երիտասարդների ստացածից:

-Ես կարծում եմ, կոչումը բնավ կապ չունի այստեղ, դա մարդու անունն է ու մասնագիտական հնարավորությունը: Բայց ասեմ, պատահել է՝ զգացել եմ, որ ինձ ավելի քիչ են վարձատրել նույն սերիալում խաղացող մի քանի հոգուց: Նման բան եղել է:

-Դա չի՞ բարկացրել:

-Բարկացրել է, բայց ես մատների արանքով եմ նայում նման երևույթներին: Հո չե՞մ գնալու կռիվ անեմ: Հատկապես, որ իմ ամենաչսիրած բանն է վճարման մասին խոսելը: Մեկ-մեկ ինձ մեղադրում են՝ ասելով, որ այդ սովորության պատճառով քեզ «խաբում» են, կարող ես անվճար գնալ ու նկարվել: Բայց ի՞նչ անեմ, գնամ կռի՞վ անեմ… Այլ բան, որ մենեջեր ունենամ ու նման հարցերը նա լուծի, թե չէ ես շատ եմ նեղվում նման խոսակցություններից…

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Երկու աղջիկ ունեմ՝ մեկը բավական մեծ, մյուսը՝ բավական փոքր (ժպտում է). մեծ աղջիկս 40-ն անց է, թոռնիկ ունի: Իմ թոռնիկի և փոքր աղջկաս մեջ ընդամենը տարի ու կեսի տարբերություն է (ժպտում է): Փոքր աղջիկս 25 տարեկան է, աշխատում է Սահմանադրական դատարանում՝ Գագիկ Հարությունյանի ղեկավարությամբ: Մեծս Պարարվեստի ուսումնարանում պարուսույց է: Կինս բանասեր է, բայց այժմ աշխատանք չունի, տունը պահողը ես եմ…

-Դժվար չէ՞:

-Բավական դժվար է… Ծախսը բավական շատ է, ստանալիքդ՝ բավական քիչ:

 
 
 
 
Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը