Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Անկախության լեգենդներից. Ժիրայր Սեֆիլյան. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ո՞վ է վերջապես Ժիրայրը: Այս նյութով փորձ է արվում ներկայացնել նրա դիմանկարը:

Ժիրայր Սեֆիլյանը մարդ է, որի տեսակը սովորաբար լինում է ժամանակներից դուրս: Ով իր շրջապատին գեներացնում է ինչ–որ գաղափարի շուրջ, անելիքների ու քայլերի պարտադրում մարդկանց: Դե, տեսեք, 23 տարեկան պատանին գալիս է Հայաստան ու հայտնվում հայրենիքի համար կարևորագույն իրադարձությունների ուղիղ կենտրոնում: Դառնում է դեմք, որոշիչ խոսք ասող անհատականություն: Հիմա ամեն մեկդ նայեք ձեր կողքի 23 տարեկանին ու պատկերացրեք:

Իր խոսքերն են` եթե գաղափարական մարդ ես, կարող ես լինել թե՛ ազգային գործիչ, թե՛ հասարակական գործիչ, թե՛ ռազմական գործիչ, թե՛ քաղաքական գործիչ: Հենքը գաղափարական լինելն է: Իսկ այն Աստծո տված շնորհ է: Կամ` ունես կամ` ոչ: Ձեռքբերովի չէ:

Ծնվել է Բեյրութում: Ութ տարեկան էր, որ սկսվեց 15 տարի ձգվող քաղաքացիական պատերազմը: Ինքնապաշտպանական կռիվները, հայկական թաղամասերը պաշտպանելու խնդիրը, ըստ էության, համայնքը դարձրին փոքրիկ Հայաստան, համարյա` պետություն պետության մեջ:

Ժիրայրը ընդգրկվեց ամենաազդեցիկ կուսակցության` Դաշնակցության ակումբում: Համարյա ամեն մեկը պետք է «ընտրեր իր կուսակցությունը. այդպես էր այնտեղ: Անցավ կուսակցական «դպրոցը», ստացավ զինվորական գիտելիքներ, ապա նույն այդ գիտելիքներն ինքը սկսեց փոխանցել համայնքի մյուս անդամներին:

***

«Մենք բախտավոր սերունդ էինք. մեզ բախտ վիճակվեց մասնակցել մեր ժողովրդի ազգային ազատագրական կռվին և կերտել Անկախ Հայաստանը,– ասում է Ժիրայր Սեֆիլյանը, ապա ցավով ավելացնում:– Ափսոս, որ մեր մեծերը դա չտեսան, կոնկրետ` հայրս չտեսավ»:

Հիմա այս խոսքերը համադրեք «ցուրտ ու մութ» տարիներին վերաբերող թուլամորթ ու քաղքենի տրտունջներին (ըստ իս` մեր կյանքի հերոսական ու լուսավոր տարիների– Գ. Ս.):

Եվ բախտավոր այս սերնդի մի քանի երիտասարդներ, նրանց մեջ նաև Ժիրայրը, 1990–ին եկան Հայաստան: Եկան Դաշնակցական կուսակցության խողովակներով: Որպեսզի օգտակար լինեն ու մասնակցեն Արցախյան ազատամարտին:

Հիշենք ժամանակները. բանակ չկար, առանձին կամավորական խմբեր, երկրապահ տղաներ էին, որ պետք է կազմակերպեին ղարաբաղյան պաշտպանությունը: Երկիրն էլ որպես պետական–պաշտոնական միավոր չկար. Հայաստանը խորհրդային երկրի կազմում էր, միաժամանակ այդ երկրի մեջ չէր:

Ինչի՞ց սկսել. պատերազմը թակում էր դուռը ու պարտադրում իրենը: Նախ և առաջ պետք էր տիրապետել ռազմական գործին: Բեյրութում նախապես պատրաստված տղաներն անցան գործի: Ժիրայրին բաժին ընկավ նախ Մեղրին: Գնաց Մեղրի ու սկսեց հընթացս ձևավորվող խմբերին ռազմական գիտելիքներ տալ: Բայց գնաց–եկավ դեռևս գործող գնացքով, որպեսզի Նախիջևանը տեսներ: Ռուսական սահմանապահներն աչալուրջ էին: Սակայն Ժիրայրը կարողանում էր ծպտվել, երևալ տեղացի, որպեսզի չգրավեր նրանց ուշադրությունը: Հակառակ դեպքում, հասկանալի է, թե ինչ կարող էր լինել օտար երկրի այս քաղաքացու հետ: Ապա, որպես զինվորական հրահանգիչ այլ շրջաններ գնաց` Ալավերդի, Էջմիածին, Հոկտեմբերյան և այլն:

Շատ էր ջահել. ո՞նց աներ, հատկապես, երբ իր ղեկավարության ներքո 50 տարեկաններ էին նաև, նաև գիտնականներ, վաստակաշատ այլ մարդիկ: Տարիքը փորձում էր թաքցնել մորուք պահելով կամ էլ տարիքը մի տասը տարով մեծ էր ասում:

***

Իսկ 24 տարեկանում արդեն զինվորական հրամանատար էր կռվող բանակում: Նախապես ղեկավարում էր Դաշնակցության ջոկատը: Հետո այդ կորիզի շուրջ ջոկատը ընդարձակվեց, համալրվեց բազմաթիվ այլ մարդկանցով, նաև` անկուսակցականներով: Ժիրայր Սեֆիլյանի գումարտակը կռվեց ամենաթեժ կետերում, ամենաբարդ պայմաններում, մինչև կգար Շուշիի ազատագրումը:

Նա իր ջոկատով մտավ Ղարաբաղ ու այնտեղ մնաց մինչև պատերազմի վերջը, մինչև հրադադար: Ու մնաց որպես առանձնակի գումարտակ: Տեղական շրջանների հիման վրա կազմավորված զինվորական միավորումների կողքին եղավ դրսից` Հայաստանից եկածը:

***

Ինչո՞ւ Ժիրայր Սեֆիլյանն արտաքսվեց կամ հեռացվեց Դաշնակցությունից: Նրա նման մարդու համար դժվար է լինել կառույցի անդամ ու անխոս ենթարկվել ղեկավարության հրահանգներին: Նա առանց քննելու հրաման կատարողներից չէր:

Նախ` ամեն ինչ այնպես չգնաց հենց սկզբից: Դաշնակցության Բեյրութի կենտրոնական կոմիտեն մեծ պատասխանատվությամբ էր նախապատրաստվել հայրենիքում ընթացող պատերազմին: Ավելի քան 100 տղաներ ստացել էին զինվորական պատրաստվածություն հայրենիք գալու և Արցախյան հերոսամարտին մասնակցելու նպատակով: Բայց… ոչ բոլորին դա հաջողվեց: Ինչո՞ւ: Որովհետև բյուրոն այդպես էր ուզում: Սա էլ այլ հարց է, թե ինչո՞ւ էր այդպես ուզում: Բայց դրա քննարկելիքը մեր խնդիրը չէ: Մինչդեռ Ժիրայրը մի բան գիտեր. Դաշնակցությունն այս պատերազմին շատ լուրջ պետք է մոտենար. նրա հաղթանակին պետք է ծառայեցներ իր ամեն կարելիությունները. և՛ ֆինանսական, և՛ մարդկային, և՛ ինֆորմացիոն, և՛ ինտելեկտուալ:

Քանի անգամ է եղել. թողել է դիրքերը, եկել է Հայաստան, մտել է Դաշնակցության այստեղի ղեկավարության գրասենյակն ու պահանջել այ՛ս, ա՛յս, ա՛յս` կռվող զինվորին անհրաժեշտը: Զենք էլ է պահանջել, զինամթերք էլ է պահանջել: Ու կատարել են խելառ հրամանատարի պահանջները: Եղել է` պարտադրված են կատարել:

Իսկ Ժիրայրն այսպես էր մտածում` դեռևս պետությունը չի ստեղծվել, բանակ չունենք, հարաբերությունները կանոնակարգված չեն: Հենց այսօ՛ր է պետք կուսակցության աջակցությունը: Վաղը, երբ ամեն ինչ կարգավորվի, գուցե և այլևս դրա անհրաժեշտությունը չլինի: Ու այս հողի վրա կոնֆլիկտներն ու տարաձայնություններն անպակաս էին իր և կուսակցության ղեկավարության միջև:

Ինչո՞ւ հակադրության մեջ մտավ տեղի քաղաքական ուժերի հետ: Մի՞թե չպետք է սերտեինք պատմության դասերն ու ձեռնպահ մնայինք նույն սխալներից: Որի հետևանքով` կրկի՛ն անմիաբանություն:

Մինչ օրս չի կարողանում հանդարտվել. ազգային ազատամարտին ինչո՞ւ նման սակավ մասնակցություն պետք է լիներ սփյուռքից: 100–ի էլ չէր հասնում կռվող տղաների թիվը:

Հիշում է` մի օր էլ չդիմացավ. կազմեց տեքստն ու եկավ Երևան, մտավ բյուրոյի նորընտիր անդամ Վահան Հովհաննիսյանի մոտ: Պահանջեց ֆաքսով ուղարկել: Դիմում էր` ուղղված արտերկրի կենտրոնական կոմիտեներին: Պահանջում էր մարդ ուղարկել. մարդիկ էին հարկավոր Ղարաբաղում:

***

Լրիվ հասկանալի, գուցե և արդարացված էր զգուշավորությունը, որ վարում էինք պատերազմը: Ավելին. կարելի է և այսպես ասել` մենք վերջին վեց–յոթը հարյուր տարվա մեջ առավել քան համարձակ էինք ու անվախ: Մենք կռվի նետվեցինք մեր հայրենիքի տարածքների համար, երբ դեռ հստակ էլ չէր, թե ի վերջո ո՞վ է կանգնելու մեր դիմաց. ընդամենը ադրբեջանական պետությո՞ւնը, խորհրդային հսկա երկի՞րը, որի կարգը խախտել էինք մեզնով, գուցե մեծ աշխա՞րհը, գուցե մեր հակառակորդի մեծ եղբա՞յրը ձեռքը մեկնի կրտսերին: Բայց արեցինք մեր կռիվն, ու ամեն ինչ լավ ստացվեց:

Սակայն Ժիրայր Սեֆիլյանն այդքան էլ գոհ չէ մեր արածով: Ավելին կարող էինք անել ու ավելիին հասնել: Մենք շատ բան ձեռքներիցս թողեցինք: Ադրբեջան անունով շինծու պետությունը պարզապես կարող էինք կազմաքանդել ու ծնկի բերել: Այդպես չարեցինք, որովհետև վախկոտ էինք` նրա բառերն են: Վախկոտ էր մեր քաղաքական և ռազմական ղեկավարությո՞ւնը: Մինչդեռ փոքրաթիվ լինելը չի ենթադրում վախկոտ լինել: Մենք պետք է այդ բարդույթն ազգովի կոտրենք մեր մեջ: Ինչքա՜ն է լինում, որ որակյալ փոքրամասնությունն է ուղղորդում մեծամասնությանը:

Աշխարհաքաղաքական իրավիճակը հօգուտ մեզ էր քսանհինգ տարի առաջ, և հօգոտ մեզ է նաև այսօր: Միայն մեր խելքն ու համարձակությունը պետք է բավի օգտվել դրանից:

Ճի՞շտ են այս տեսակետները, թե` ոչ, թող դատեն քաղաքագետներն ու ռազմագետները: Հարցն այն է, որ այսպիսին է նա` Ժիրայր Սեֆիլյանը: Գուցե` քիչ ավելի կտրուկ, գուցե` իր գնահատականներում անվերապահ, գուցե` մաքսիմալիստ, գուցե` զգացմունքային: Բայց բոլոր դեպքերում` գաղափարական ու իդեալիստ: Իսկ մի՞թե իդեալները չեն, որ առաջ են տանում մարդուն ու մարդկությանը:

***

Սկսեց զբաղվել հասարակական–քաղաքական գործունեությամբ: Ապաբարոյական շատ ախտեր էր տեսնում մեր երկրում ու կռիվ էր տալիս դրանց դեմ: Նույնն է թե` հրամանատարը հիմա էլ պատերազմն այս ճակատում էր վարում: Բայց կարող էր չէ՞, պառկել վաստակած դափնիների վրա ու վայելել փառքն ու մեծարումը: Նաև կարող էր, չէ՞, պաշտոն էլ ստանալ, հազար ու մի նյութական բարիքների տեր էլ դառնալ: Բայց` չի: Ինչո՞ւ: Չէ՞ որ իր նախկին գործընկերներից շատերն են այդպես ապրում:

Չնայած նա չգնաց այդ ճանապարհով, բայց չի էլ մեղադրում այլոց: Իր բացատրությունն ունի մարդկային թուլությունների հանդեպ` դժվար է երկար ապրել խաղաղ պայմաններում ու նյութապաշտ չդառնալ:

Չնայած գիտենք նաև, որ այն եզակի զորամասերից էր նրանը, ուր արգելված էր թալանը: Բացի վառելիքից ու զենքից, նվաճված բնակավայրերից այլ բան չէին վերցնում: Որովհետև, իր խոսքով ասած` թալանը բարոյալքում է զինվորին:

Հարցնում էի` քեզ չե՞ն փորձել գայթակղել, պաշտոն առաջարկել, որպեսզի հրաժարվես պայքարիցդ:

«Առաջարկել են,– պատասխանում էր,– բայց տեսան, որ համաձայնվողը չեմ, ու բան դուրս չի գա, անցան ռեպրեսիվ մեթոդների»:

Հարցնում եմ` դու չես՞ վիրավորվում, որ հայրենիքի համար այդքան բան ես արել, ու հիմա քեզ հետ այսպես են վարվում` բանտ են նետել, քաղաքացիություն չտվեցին: Պատասխանում է` այդպես վարվողները չեն կարող ազգային իշխանություն լինել, այս ռեժիմի ներկայացուցիչներին ես օտար եմ համարում. ումի՞ց նեղանամ: Շարունակում եմ հարցս` հիմա դու հայրենիքից նեղացած չե՞ս:

«Մի՞թե ծնողից նեղանում են»,– լինում է պատասխանը:

Ու նման պարագայում ես մտածում եմ` տեսնես այդ դեպքերում ո՞վ է ծնողը, ո՞վ` զավակը: Կոնկրետ այս դեպքում Ժիրայր Սեֆիլյա՞նն է հայրենիքի զավակը, թե՞ հայրենիքն է Ժիրայր Սեֆիլյանի զավակը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ