Վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելիի ստեղծագործությունները կհնչեն Հայաստանում առաջին անգամ
ՄՇԱԿՈՒՅԹՀայաստանում առաջին անգամ կհնչեն վրացի մեծանուն կոմպոզիտոր Գիա Կանչելիի ստեղծագործությունները։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ Երևանում անց է կացվելու նրան նվիրված փառատոն։
Միջոցառման շրջանակներում Երևանում տեղի կունենա երկու սիմֆոնիկ և մեկ կամերային համերգ, որոնց ընթացքում կներկայացվեն Գիա Կանչելիի ստեղծագործությունները։
Վրացի մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Գիա Կանչելին հայտնի է ինչպես սիմֆոնիկ, կամերային ստեղծագործություններով, այնպես էլ ֆիլմերի և ներկայացումների համար գրված երաժշտությամբ։
Արտիստին նվիրված փառատոնը կանցկացվի հունիսի 18-20-ը Երևանում։
Հունիսի 18-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կհնչեն լարային նվագախմբի, դաշնամուրի և հարվածայինների համար գրված «SIO» ստեղծագործությունը, «Գիշերային աղոթքները»՝ գրված կլարնետի և լարային նվագախմբի համար, Չորրորդ սիմֆոնիան՝ «Միքելանջելո»։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հանդես կգա աշխարհահռչակ կլարնետահար Յուլիան Միլկիսը (կլարնետ/Կանադա)։
Հունիսի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա կամերային երաժշտության երեկո, որի ժամանակ մենահամերգով հանդես կգան բայանահար Ալեքսանդր Սևաստյանը և կլարնետահար Յուլիան Միլկիսը։ Ծրագրում՝ Գիա Կանչելիի հայտնի մեղեդիներն են՝ գրված թատրոնի և կինոյի համար:
Մշակութային օրերը կեզրափակվեն հունիսի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ Գիա Կանչելիի գործերը հանդիսատեսին կներկայացնեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, մենակատար Ալեքսանդր Սևաստյանը և նվագախմբի պղնձյափողային կվինտետը։
Գիա Կանչելի փառատոնը Երևանում կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։



