Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բնակապահովման պետական ծրագրի շրջանակում կառուցված 258 բնակելի տները կհանձնվեն ծրագրի շահառուներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունը հուլիսի 6-ին գումարել է  հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անդրադառնալով ընտանիքների անապահովության գնահատման համակարգին՝ վարչապետը նշել է. «Ներկայումս գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կիրառման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն հատկապես հասցեականության և հստակության տեսանկյունից բավարար արդյունավետ չէ, ինչը հիմնականում պայմանավորված է համակարգում անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ: Առկա իրավիճակի կանոնակարգման նպատակով համարում ենք անհրաժեշտ անապահովության գնահատման գործընթացում ուսումնասիրել և հաշվի առնել նաև համապատասխան անձանց բանկային գործարքների, ինչպես նաև գույքային իրավունքների հետ կապված ամբողջական տեղեկությունները»: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և առաջարկել ՀՀ կենտրոնական բանկի նախագահին 1-ամսյա ժամկետում համատեղ քննարկել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն: Հանձնարարվել է նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, ՀՀ մարզպետերին, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և առաջարկվել Երևանի քաղաքապետին 2-ամսյա ժամկետում ամփոփել և արդիականացնել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական շտեմարանում առկա անձանց տվյալները և ապահովել դրանց ամբողջական տրամադրումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն անապահովության գնահատման գործընթացում կիրառելու նպատակով:

«Սոցիալական ապահովության համակարգում մենք ուզում ենք սոցիալապես անապահով ընտանիքների վերաբերյալ ամբողջ տեղեկությունն  իմանալ՝ բանկային գործարքներ, անշարժ գույք և այլն, որպեսզի այնպես չստացվի, որ մենք սոցիալական աջակցություն ենք ցուցաբերում այն  անձանց, որոնք դրա կարիքը չունեն»,-նշել է գործադիրի ղեկավարը: 

 

Ժամանակակից թվային օրակարգի իրագործումը պահանջում է միասնական, մասնագիտացված և համակարգված մոտեցումներ 

Կարեն Կարապետյանը, անդրադառնալով թվային օրակարգի մշակման և իրագործման համակարգմանը, նշել է. «Կառավարության հնգամյա ծրագրով սահմանված են թվային օրակարգից բխող մի շարք համալիր միջոցառումներ հստակ ժամկետներով, այդ թվում պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ թվային ռազմավարության և գործողությունների ծրագրի ընդունումը: Թվային օրակարգի շրջանակում արդեն իսկ ձևավորվել է թվային զարգացմանն աջակցող խորհուրդ և մշակման փուլում է գտնվում միասնական թվայնացված միջավայրի իրագործման ծրագիրը: Հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը և առկա զարգացումները՝ պետք է նշել, որ ժամանակակից թվային օրակարգի իրագործումը պահանջում է միասնական, մասնագիտացված և համակարգված մոտեցումներ»:

Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին 15-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկությունների փաթեթ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման էլեկտրոնային համակարգերի զարգացման քաղաքականության համակարգման մասնագիտացված օղակի ձևավորման վերաբերյալ՝ ներառելով դրա կազմակերպչաիրավական ձևը և համապատասխան իրավական ակտի նախագիծը: «Մենք պետք է ունենանք մի կենտրոն, որը կկանոնակարգի մեր ամբողջ քաղաքականությունը»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը: 

 

ՀՀ մարզերի զարգացման ռազմավարությունները կնպաստեն տարածքների մրցունակության բարձրացմանը 

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարություններին, որոնք մշակվել են  Հայաստանի Հանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության հիման վրա: Ռազմավարությունների նպատակներն են` զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում և տարածքների մրցունակության բարձրացում: Ռազմավարական տեսանկյունից տարածքային զարգացման արդյունքը կգնահատվի երկու ընդհանուր, սակայն հստակ ու չափելի հետևյալ ցուցանիշներով`

ա. 2025թ.-ի դրությամբ մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60 տոկոսը և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70 տոկոսից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավելի, քան 30 տոկոսը։

բ. 2025թ.-ի դրությամբ բոլոր մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների և ակտիվ ձեռնարկությունների թվաքանակը կաճի առնվազն 10 տոկոսով` 2014թ. համեմատ:

Կարեն Կարապետյանը կարևորել է մարզերի զարգացման ռազմավարությունները և նշել, որ դրանք պետք է դառնան աշխատանքային փաստաթղթեր: Վարչապետը հանձնարարել է նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին հնարավորինս արագ սկսել իրականացնել ռազմավարության մեջ ներկայացված իրենց համապատասխան մասը՝ մարզպետերի հետ համատեղ քննարկումներ կազմակերպելով: «Այս փաստաթուղթը կարևոր է, քանի որ մենք գույքագրում ենք ներկայիս իրավիճակը, թույլ կողմերը, պրոբլեմները, առավելություններն ու հնարավորությունները: Մենք հստակ ձևակերպում ենք, թե ինչի ենք ուզում հասնել»,-ասել է գործադիրի ղեկավարն ու հավելել, որ վերահսկվելու է ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերի իրականացման ընթացքը:   

 

Վարչապետ. ՀՀ 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով

բավականին ամբիցիոզ սեփական եկամուտների մուտքերի աճ ենք նախատեսում

 

Հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Այն, ըստ անհրաժեշտության խմբագրական և այլ բնույթի ճշգրտումներից հետո, կներկայացվի ՀՀ կառավարության աշխատակազմ: Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրման համակարգի ներդրումն ուղղված է, մասնավորապես,  լուծելու հետևյալ խնդիրները` բարելավել մակրոտնտեսական հաշվեկշռվածությունը՝ ի հաշիվ ռեսուրսների իրատեսական և համապարփակ փաթեթի ձևավորման, նպաստել պետական ֆինանսական միջոցների հաշվին կատարվող բյուջետային հատկացումների միջոլորտային և ներոլորտային արդյունավետ վերաբաշխմանը՝ ըստ գերակա ուղղությունների, բարելավել բյուջետային ծրագրերի գնահատման համակարգը և մեծացնել պետական ֆինանսների կառավարման թափանցիկության աստիճանը: Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է: ՀՀ 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հիմք կծառայի ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար, ինչպես նաև` ընկալելի կդարձնի ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ` հանրության համար կառավարության առաջիկա երեք տարվա հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները և ծախսային քաղաքականության ռազմավարությունը: Գործադիրի ղեկավարը նշել է. «Ծրագրով  բավականին ամբիցիոզ սեփական եկամուտների մուտքերի աճ և շատ կոշտ հաստատուն ծախսերի կառավարում ենք նախատեսում: Նախատեսում ենք՝ տնտեսված միջոցներն ուղղել դեպի տնտեսական աճ: Բավականին դժվար իրագործելի հայտանիշեր ենք դնում՝ հարկ-ՀՆԱ հարաբերակցության, արտաքին պարտքի կայունության, դեֆիցիտի վերաբերյալ: Բոլորիցս պահանջվելու է մաքսիմալ համակարգված աշխատանք»:  

ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված պահանջներն ապահովելու համար կառավարությունը սահմանել է նաև հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը և ձևերը: Այսպիսով՝ կկարգավորվի հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում օրենսգրքով սահմանված տեղեկությունների հրապարակման գործընթացը: Մասնավորապես նախատեսվում է,  որ պետք է հրապարակվեն  ոչ կարգապահ,  ինչպես նաև պետբյուջե խոշոր վճարումներ կատարած հարկ վճարողների մասին մանրամասն տեղեկություն:Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետը նշել է, որ հաշվետվությունը, թափանցիկ կառավարումը  չափազանց կարևոր գործընթաց է. «Մենք այդ ուղղությամբ ենք գնալու»:   

 

Կերաշխավորվի հավաքների ազատության հիմնական իրավունքի պատշաճ իրացումը 

Գործադիրը հավանություն է տվել ««Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ունենալ ՀՀ սահմանադրությանը և վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանող օրենսդրություն, որը հնարավորություն կտա երաշխավորել հավաքների ազատության հիմնական իրավունքի պատշաճ իրացումը: Օրինագծով հավաքների ազատության սահմանափակումների նպատակները համապատասխանեցվել են Սահմանադրությամբ նշված նպատակներին:

Պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հստակեցնելու համար կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման նպատակն է ապահովել պատժի կրումը խոչընդոտող ծանր հիվանդություններ ունեցող անձանց պատժի հետագա կրումից ազատելու ընթացակարգի կանխատեսելիությունը, արդյունավետությունն ու ներքին հակասությունների բացառումը:  Հիվանդությունների ցանկը ներառում է այն ծանր հիվանդությունները, որոնց պատճառով առաջացած առողջական բացասական հետևանքները և տառապանքը պատժի կրումը դարձնում են անհնար, և որպես կանոն այդ հիվանդությունների ընթացքը ունենում է  լետալ (մահացու) ավարտ: Ցանկը 2006թ.-ից հետո չի լրամշակվել, ուստի անհրաժեշտություն էր առաջացել այն հստակեցնել և համապատասխանեցնել առողջապահության բնագավառում որպես բժշկական վիճակագրության և դասակարգման հիմք հանդիսացող Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգմանը:

Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում` հացադուլ իրականացնող անձանց պահման պայմանների, նրանց հետ տարվող աշխատանքների և առանձնահատկությունները հստակեցնելու, կանոնակարգելու նպատակով: Արդյունքում, վկայակոչված միջազգային չափանիշներին համապատասխան, կսահմանվեն, թե ով է համարվում հացադուլ իրականացնող անձ, ինչ ընթացակարգով է հացադուլ իրականացնելու փաստն արձանագրվում, ինչ գործողություններ են անհրաժեշտ կատարել հացադուլ իրականացնելու փաստի արձանագրումից հետո, ինչ պայմաններում պետք է հացադուլ իրականացնող անձը պահվի, ինչպես նաև հացադուլ իրականացնելու գործընթացին առնչվող այլ առանձնահատկություններ: 

 

Հավանության են արժանացել ԿԲ-ի  2016թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության և 2017թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունները 

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կենտրոնական բանկի 2016թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության (գնաճի հաշվետվություն) վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությանը, որի համաձայն հանրապետությունում 2016թ. ընթացքում նվազող համախառն պահանջարկի պայմաններում, իրականացվել են առավել խթանող հարկաբյուջետային  և դրամավարկային քաղաքականություններ: Տարվա ընթացքում պահպանվել է նախորդ տարվա կեսից սկիզբ առած գնանկումային միջավայրը: Այս ժամանակահատվածում, ՀՀ ԿԲ-ն աստիճանաբար իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2.5 տոկոսային կետով: 2016 թվականին ՀՀ կենտրոնական բանկի կողմից արժութային շուկայում էական միջամտություններ չեն իրականացվել: ՀՀ ԿԲ-ի քաղաքականության տոկոսադրույքի նվազեցմանը զուգընթաց ֆինանսական շուկայում նկատվել է կարճաժամկետ տոկոսադրույքների նվազում:

Մեկ այլ որոշմամբ էլ հավանության է արժանացել ՀՀ կենտրոնական բանկի 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունը: ՀՀ կենտրոնական բանկի 2017թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի մակրոտնտեսական միջավայրի զարգացումների գնահատականները ընդհանուր առմամբ համահունչ են ՀՀ կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին: ՀՀ կառավարությունը, կարևորելով մակրոտնտեսական արդյունավետ քաղաքականության իրականացումը, հարկաբյուջետային կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերում նպատակադրում է ՀՀ ԿԲ-ի կողմից ընդունված գնաճի երկարաժամկետ կայուն՝ 4±1.5 տոկոս ցուցանիշը, որը երկարաժամկետ հատվածում կկայունացնի նաև գնաճային սպասումները: 

 

Բնակապահովման պետական ծրագրի շրջանակում կառուցված 258 բնակելի տները կհանձնվեն ծրագրի շահառուներին 

Կառավարությունն ընդունել է «ՀՀ Լոռու մարզպետարանին գույք ամրացնելու, Գյումրու և Սպիտակի համայնքներին գույք հանձնելու մասին» որոշում՝  աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում կառուցված գույքը դրա հասցեատերերին (ծրագրի շահառուներին և համայնքին) հանձնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:  Ըստ հիմնավորման՝ կառուցապատումն իրականացնող «Գլենդել Հիլզ» ՓԲԸ՝ պետության և ծրագրի շահառուների հետ կնքված եռակողմ պայմանագրերի հիման վրա, ծրագրի շահառուներից ձեռք է բերել տնամերձ հողամասեր՝ այդ հողամասերում ընտանիքներին հասանելիք չափով (սենյակների թվով) բնակելի տների կառուցման նպատակով: Թվով 258 բնակելի տների կառուցումն ավարտին է հասցվել, սակայն ընկերության սնանկացման պատճառով չի հանձնվել ծրագրի շահառուներին: Անհրաժեշտություն է առաջացել վերը նշված 258 բնակելի տները հանձնել ծրագրի շահառուներին և դրանով ավարտին հասցնել նրանց նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը, ինչպես նաև Սպիտակ քաղաքի Վարպետաց և Գյումրի քաղաքի Մուշ-2-2 ու Անի թաղամասերում կառուցված կոմունիկացիոն համակարգերը հանձնել համայնքներին՝ այդ թաղամասերի բնականոն շահագործումն ապահովելու նպատակով: Հիշեցնենք, որ այս հարցը բարձրացվել է վարչապետի գլխավորությամբ Լոռու մարզում հուլիսի 1-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում:

 

Դպրոցներում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթները բացառելու նպատակով դրույթներ են նախատեսվել  

Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝  պետական հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրության դրույթները հստակեցնելու, ներառական կրթության, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքը բացահայտելու, գնահատելու ու դրան համապատասխան կրթությունը կազմակերպելու, բյուջեի և ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվության հանրային հասանելիության ապահովման արդյունավետ մեխանիզմներ ներդնելու նպատակով: Որոշմամբ դպրոցի կոլեգիալ կառավարման խորհրդի, գործադիր մարմնի լիազորությունները  համապատասխանեցվել են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներով սահմանված դրույթներին: Որոշ դրույթներ սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման նպատակով: Համապատասխան կարգավորումներ են նախատեսվել յուրաքանչյուր դպրոցում բյուջեի և ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվության հանրային հասանելիության ապահովման համար: Մասնավորապես՝ նախատեսվում է, որ դպրոցը պետք է ունենա պաշտոնական կայք, որտեղ կհրապարակվեն դպրոցի նախահաշիվը, ֆինանսական (ծախսերի) հաշվետվությունները, հաստիքացուցակը, թափուր աշխատատեղերը, հայտարարությունները և դպրոցի գործունեությանն առնչվող «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ տեղեկություններ: Մեկ ալ փոփոխությամբ՝ դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդամ չի կարող առաջադրվել դպրոցի տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձը: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է,որ  կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում  մինչև 2017թ. ավարտը նախատեսվում է ամբողջությամբ վերանայել դպրոցների խորհուրդների, տնօրենների նշանակման, ազատման կարգերը, քանի որ հասարակությունում առկա է արդարացի դժգություն այս հարցերի վերաբերյալ: 

Այլ որոշումներ 

Գործադիրը սահմանել է ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը: Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանվել  օբյեկտների կարգավիճակը, անվտանգությունը և մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները  բնութագրող հիմնական ցուցանիշները: Արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ տարածքում առկա ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման մեթոդական հիմքերը և ստեղծել դրանց վերաբերյալ համապարփակ տեղեկատվական բազա, ինչը հիմք կհանդիսանա հետագա բնապահպանական միջոցառումների ծրագրերի մշակման համար: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ տարածքում առկա են ընդերքօգտագործման թափոնների մի շարք փակված օբյեկտներ, սակայն ՀՀ պետական կառավարման լիազոր մարմինները չեն տիրապետում այդ օբյեկտների կարգավիճակի, դրանցում կուտակված ընդերքօգտագործման թափոնների քանակի և ագրեգատային վիճակի, դրանց շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների  վերաբերյալ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ Նախագահի մրցանակի «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացման նպատակով: Ընթացիկ տարում իրականացվել է մրցույթի առաջին և երկրորդ փուլերը, իսկ եզրափակիչ՝ երրորդ փուլի իրականացման համար համապատասխան ֆինանսական միջոցների անհրաժեշտություն է առաջացել:

 

Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՄիկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալովԵվրոպական շոգը հացահատիկի շուկային հասցրել է ավելի քան 2 միլիարդ եվրոյի վնաս Աննա Ծատուրյանն առաջին հայուհին է, ով բարձրացավ Լենինի գագաթՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Տղամարդը ընկել է 12-րդ հարկից ընկել է մի աղջկա վրա․ աղջիկը տեղում մահացել է Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում