«Սևանա լիճ 2017» շախմատային մրցաշարի առաջատարներն են Ուկրաինայի, Իսրայելի ու Եգիպտոսի ներկայացուցիչները
ՍՊՈՐՏՍևանում կայացան «Սևանա լիճ» մրցաշարի նախավերջին տուրի հանդիպումները:
8-րդ տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ մրցում էին Իսրայելի ներկայացուցիչ Թամիր Նաբաթին և Եգիպտոսը ներկայացնող Ամին Բասսեմը: Պարտիան ունեցավ հավասար ընթացք. կողմերից ոչ մեկը ռիսկի չդիմեց, և 49-րդ քայլին կնքվեց հաշտություն:
Արագ ոչ-ոքիով ավարտվեց նաև մյուս առաջատարի՝ Մարտին Կրավցիվի և Հայկ Մարտիրոսյանի դիմակայությունը: Հովհաննես Գաբուզյանի հետ պարտիայում կարևոր կես միավոր ձեռք բերեց Մանուէլ Պետրոսյանը: Այս ոչ-ոքիի շնորհիվ Պետրոսյանն, անկախ վերջին տուրի արդյունքից, լրացրեց գրոսմայստերի նորմա, որն արդեն թվով երրորդն էր Մանուէլի համար:
ՖԻԴԵ-ի՝ հոկտեմբերին կայանալիք կոնգրեսում նրան պաշտոնապես կշնորհվի կոչումը: Ոչ-ոքիով ավարտվեցին նաև Իգոր Կովալենկո-Տիգրան Հարությունյան և Դարիուշ Շվարց-Սամվել Տեր-Սահակյան պարտիաները: