Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը մեկնարկեց «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղում
ՍՊՈՐՏՍենթ Լուիսում մեկնարկեց «ԱՄՆ - Աշխարհ» պատանեկան հավաքականների շախմատային մրցախաղը, որն անցկացվում է 2 տարիքային խմբերով՝ մինչև 14 և մինչև 17 տարեկաններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխարհի հավաքականի անդամներին ընտրել է ՖԻԴԵ-ի մարզչական հանձնաժողովը, իսկ վերջնական կազմը հաստատվել է ՖԻԴԵ-ի նախագահության նիստում: Մինչև 17 տարեկանների աշխարհի հավաքականում է ընդգրկվել աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը:
Կայացան մրցաշարի մեկնարկային տուրերը, իսկ մրցախաղի առաջին քայլը Հայկ Մարտիրոսյան - Ջեֆֆրի Սյուն պարտիայում կատարեց աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը: Հայկ Մարտիրոսյան - Ջեֆֆրի Սյուն պարտիան արդյունքում ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, իսկ առաջին մրցախաղն ավարտվեց 2-2 հաշվով: 2-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանից: 2-րդ մրցախաղը նույնպես ավարտվեց 2-2 հաշվով: Մինչև 14 տարեկանների պայքարի առաջին մրցախաղում աշխարհի հավաքականը 2.5 - 1.5 հաշվով առավելության հասավ ԱՄՆ նկատմամբ:
Մինչև 17 տարեկանների մրցախաղում անցկացվելու է 8 տուր, իսկ մինչև 14 տարեկանների պայքարում՝ 4: