iPhone-ի պատյանները մաշկի գրգռվածության պատճառ են դարձել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկյան MixBin Electronics ընկերությունը հետ է կանչել iPhone 6, 6s և 7 սմարթֆոնների համար նախատեսված ավելի քան 260.000 պատյան, որոնք առաջացնում են քիմիական այրվածքներ, բշտեր և մաշկի գրգռվածություն: Ընկերության բլոգում ասվում է, որ աքսեսուարները վաճառվում են Victoria's Secret, Tory Burch, Nordstrom Rack և այլ խանութներում:
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ արտադրողը հաղորդել է ամբողջ աշխարհում պատյանների հետևանքով քիմիական այրվածքների 24 դեպքի մասին, որոնցից 19-ը տեղի է ունեցել ԱՄՆ-ում: Տուժածներից մեկը պատմել է ոտքերի, դեմքի, վզի, մարմնի վերևի հատվածի և ձեռքերի վնասվածքների մասին:
Նշվում է, որ նման վնասվածքների պատճառը պատյաններում պարունակվող փայլերով հեղուկն է, որն արտահոսում է:
Ընկերությունը հրապարակել է օգտատերերի համար վտանգ ներկայացնող բոլոր պատյանների ցուցակը և կոչ արել վերադարձնել աքսեսուարը: MixBin-ը երաշխավորում է վերադարձնել գումարը:



