ԿԳ նախարարը պարգևատրել է պատանի բասկետբոլիստներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ բասկետբոլի 16 տարեկան աղջիկների հավաքական թիմը հուլիսի 23-31-ը Ջիբրալթարում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում զբաղեցրել է 1-ին տեղը: Թիմի մարզիկներին և մարզիչներին օգոստոսի 15-ին ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, շնորհավորելով 1-ին պատվավոր տեղը զբաղեցնելու կապակցությամբ` նախարարը կարևորել է աշակերտների և երիտասարդների շրջանում սպորտի զարգացումը` ընդգծելով, որ ժամանակակից աշխարհում սպորտը դարձել է նաև երկրի ճանաչման և հեղինակության բարձրացման կարևոր գործոններից մեկը: Լևոն Մկրտչյանը հաջողություն է մաղթել հայ մարզիկներին` նշելով, որ ՀՀ կառավարությունն իր գերակայությունների շրջանակում կարևորում է առողջ ապրելակերպի քարոզչությունը, ինչպես նաև «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացումը ուսումնական հաստատություններում:
1-ին պատվավոր տեղը զբաղեցնելու կապակցությամբ ՀՀ բասկետբոլի 16 տարեկան աղջիկների հավաքական թիմի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվոգրով: Թիմի մարզիչներ Լիանա Բաղդասարյանը, Ալբերտ Հարությունյանը և Սարգիս Ստեփանյանը, ԿԳՆ ԽՄՕՄ մարզադպրոցի սաներ Անի Հովհաննիսյանը, Քրիստինա Օհանյանը, Շաքե Պողոսյանը և Էլեն Շահինյանը խրախուսվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության շնորհակալագրերով:
Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը, Հայաստանից բացի, մասնակցել էին 6 թիմ` Ուելսը, Մոնակոն, Ջիբրալթարը, Վրաստանը, Կոսովոն և Մալթան: Հավելենք, որ Անդորայում 10 թիմերի մասնակցությամբ անց է կացվել նաև Եվրոպայի C դիվիզիոնի մինչև 16 տարեկան պատանիների բասկետբոլի առաջնությունը, որտեղ մեր ընտրանին գրավել է 1-ին տեղը /մարզիչ` Սարգիս Ստեփանյան/: Կիսաեզրափակիչ փուլում Հայաստանի հավաքականը հաղթել է Ադրբեջանի թիմին:



