Արգենտինահայ բարերարները Խաչարձան գյուղի դպրոցի բոլոր 56 աշակերտներին նվիրաբերել են ուսապարկեր՝անհրաժեշտ գրենական պիտույքներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարները՝ Կալչիյան և Ավագյան ընտանիքները, Տավուշի մարզի Խաչարձան գյուղի դպրոցի բոլոր 56 աշակերտներին նվիրաբերել են ուսապարկեր՝անհրաժեշտ գրենական պիտույքներով: «Արմենպրես»-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացրին, որ Կալչիյան և Ավագյան ամուսնական զույգերը առաջին ծրագիրը չէ, որ իրականացնում են Խաչարձանում։ Գյուղը մշտապես նրանց ուշադրության կենտրոնում է. գյուղացիների մի մասը ընտանիքների ֆինանսավորման շնորհիվ ջերմոցներ ունի, որտեղ աճեցնում են սեփական արտադրության լոլիկ, բադրիջան, վարունգ, բիբար։
5-րդ դասարանում սովորող Անին ոգևորված էր. «Մի հինգ տարի էլ տետր առնելու կարիք չենք ունենա»: Իսկ 3-ամյա Իվետան շտապել է կրել 9-ամյա եղբոր պայուսակը՝ հրաժարվելով վերադարձնել այն տիրոջը։
Որպես շնորհակալություն՝ գրենական պիտույքների նվիրաբերման ավարտին գյուղացիները արգենտինահայերին հյուրասիրել են ջերմոցներում աճեցված բանջարեղենով։
Տավուշի մարզի Խաչարձան գյուղը բնակեցվել է 1990-ականների սկզբին Ադրբեջանից գաղթած հայերով։ Գյուղում բարերարների աջակցությամբ տարբեր տարիներին կառուցվել է ոռոգման համակարգ, խաչքար, դպրոց, մարզահամալիր, խաղահրապարակ, ջերմոցներ։



