Շախմատի աշխարհի գավաթ. Պայքարը կշարունակի միայն Լևոն Արոնյանը
ՍՊՈՐՏԹբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր ավարտվեց 1/64 եզրափակիչ փուլը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հաղթողները հայտնի դարձան թայ-բրեյքում (կարճեցված ժամանակով պարտիաներ): Հայաստանցի գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը դուրս մնացին հետագա պայքարից:
Մեր շախմատիստները 0.5:1.5 հաշվով զիջեցին արագ շախմատում, համապատասխանաբար, Բորիս Գրաչովին (ՌԴ) և Մաքսիմ Ռոդշտեյնին (Իսրայել):
Երկու դիմակայություններում էլ ընդհանուր հաշիվը 1.5:2.5 է: Այսպիսով, 1/32 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը կշարունակի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:
Թայ-բրեյքում հաղթելով Գերմանիան ներկայացնող Լիվիու-Դիտեր Նիսիպյանուին, հաջորդ փուլ անցել է նաև ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Սամուէլ Սևյանը (խաղի ընդհանուր հաշիվը՝ 2.5:1.5):
Արոնյանի հաջորդ մրցակիցը Չինաստանը ներկայացնող, շախմատի աշխարհի կանանց բազմակի չեմպիոն Հոու Յիֆանն է: Սևյանը կհանդիպի կրկին Չինաստանը ներկայացնող գրոսմայստեր Վանգ Հաոյին: 1/32-ի պարտիաները կանցկացվեն վաղը: