Լևոն Օրբելու անվան ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենը վերընտրվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հոկտեմբերի 18–ի նախագահության նիստում Լևոն Օրբելու անվան ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը: Նաիրա Այվազյանը ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը ղեկավարում է 2012 թ.–ից: Ծնվել է 1973 թ.–ին` Երևանում: 1995 թ–ին ավարտել է ԵՊՀ–ի կենսաբանական ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնը: Նաիրա Այվազյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է տոքսիկոլոգիան, կենսաֆիզիկան, նեյրոքիմիան, կենսաքիմիան: Նա 91 գիտական աշխատանքի հեղինակ է, այդ թվում հեղինակել է 3 ուսումնամեթոդական ձեռնարկ և 1 մենագրություն: Նաիրա Այվազյանը Համահայկական կենսաֆիզիկական ասոցիացիայի, Ֆիզիոլոգիական հայկական միության փոխնախագահն է, անդամակցում է ԵՊՀ 051 մասնագիտական խորհրդին, «Սթրես, ուղեղ և վարքագիծ» միջազգային ամսագրի խմբագրական կազմին, Թունաբանության միջազգային միությանը, Եվրոպական կենսաքիմիական ասոցիացիաների Ֆեդերացիային, Եվրոպական կենսաֆիզիկական ասոցիացիաների Ֆեդերացիային, Նեյրոքիմիայի միջազգային միությանը, Նյարդագիտության հայկական միությանը: Նաիրա Այվազյանը պարգևատրվել է միջազգային գիտական կազմակերպությունների պատվոգրերով:



