Պարագվայը կամովին միացավ ճշմարտության համար միջազգային պայքարին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊարագվայը 7-րդ պետությունն է, որի խորհրդարանը ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` հակառակ թուրք-ադրբեջանական դիվանագիտական աշխույժ լոբբինգի եւ ժխտողականության:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նման ձեւակերպմամբ է սկսվում ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի հայտարարությունը հոկտեմբերի 29-ին Պարագվայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի առնչությամբ: Հանձնախմբից նշում են, որ վերջին տարիներին Թուրքիան եւ Ադրբեջանը Պարագվայում ջանքեր էին գործադրում ժխտողականության հասնելու համար, իսկ այս տարի այդ ջանքերը բազմապատկվել են:
«100-րդ տարելիցին Հայ Դատի հանձնախումբը գնահատում է քաջությունը, ճիգն ու հանձնառությունը բոլոր այն մարդկանց, ովքեր այս որոշմանը աջակցեցին եւ պատմական ճշմարտությունը գերադասեցին ժխտողականության ճնշումներից: Պարագվայը կամովին միացավ ճշմարտության, հիշողության եւ արդարության համար միջազգային պայքարին: Այս որոշումը կարեւոր ներդրում է կատարում պատմական արդարության վերահաստատման, մարդկության դեմ ոճիրների ճանաչման, դատապարտման եւ ամեն ձեւի ժխտողականութան դեմ պայքարի ազնիվ դատի համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 29-ին Պարագվայի սենատում միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը։ Պարագվայը ԼատինականԱմերիկայի 7-րդ պետությունն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունն այդ մայրցամաքում մինչ այդ ճանաչել են Ուրուգվայը,Արգենտինան, Չիլի ն, Բրազիլիան, Բոլիվիան եւ Վենեսուելան:



