Մխիթարյանի դեժավյուն
ՍՊՈՐՏՎերջերս «Մանչեսթեր Յունայթեդից» Լոնդոնի «Արսենալ» տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը«զինագործների» կազմում կարող է առաջին անգամ խաղադաշտ դուրս գալ «Սուոնսիի» հետ խաղում հունվարի 30-ին:
Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 կստանա:
Իհարկե, կարևորն այստեղ ոչ այնքան գումարն է, որքան Մխիթարյանի խաղային արդյունավետությունը: Մանչեսթրյան լճացումից հետո Մխիթարյանը կարիք ունի բացվելու ու վերագտնելու սեփական խաղը, այլապես նրան սպասում է վերջնական ճգնաժամ, հաշվի առնելով նաև նրա ֆուտբոլային տարիքը:
Արսենալն այս իմաստով երկրորդ շանս է Մխիթարյանի համար և լավ շանս, քանի որ այստեղ նա կարող է ինտեգրվել այն խաղաոճին, որն ունի Արսենալը ու որը ավելի քանի համապատասխանում է Մխիթարյանին: Բացի այդ, մնալով ԱՊԼ-ում, Մխիթարյանը շանս է ստանում Մանչեսթր Յունայթեդին ապացուցելու, որ խնդիրը ոչ թե իր, այլ ակումբի խաղաոճի ու մանավանդ մարզչի ընտրած մոտեցումների մեջ է:
Սուրեն Ասատրյան