Դահուկորդ Միքայել Միքայելյանը 84-րդ է Օլիմպիական խաղերում. Փհենչհան-2018
ՍՊՈՐՏ
Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանն ավարտեց ելույթները 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում:
past.am-ի հաղորդմամբ Միքայելյանն ուժերը չափեց տղամարդկանց 15 կմ դասական ոճում: 18-ամյա Միքայելյանը 116 մարզիկների շարքում զբաղեցրեց 84-րդ տեղը՝ գրանցելով 39:01.4 արդյունք:
Այս ձևում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ շվեյցարացի Դարիո Կոլոգնան: Արծաթե մեդալի արժանացավ նորվեգացի Սիմեն Կրյուգերը, իսկ բրոնզե մեդալը նվաճեց ռուս Դենիս Սպիցովը:
Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվի մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են Ձմեռային խաղերի համար ռեկորդային թվով մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում Օլիմպիական խաղերն անցկացվում են երկրորդ անգամ: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
Ներկա Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին: