Արարատի կոնյակի գործարանի արտադրանքը կհանվի խանութներից
Ըստ «Փաստի» հավաստի տվյալների՝ Ռուսաստանում ալկոհոլային խմիչքների որակը վերահսկող՝ «Росалкогольрегулирование» կոմիտեն ստուգել է Հայաստանից Ռուսաստան արտահանվող մի շարք կոնյակների որակը:
Մասնավորապես, Արարատի կոնյակի գործարանի արտադրանքում գտել լուրջ թերություններ: «Росалкогольрегулирование»-ի ղեկավարության որոշմամբ Արարատի կոնյակի գործարանի արտադրանքը կհեռացվի խանութներից և առժամանակ կարգելվի Ռուսաստան այդ ընկերության կոնյակի ներկրումը:
Փաստորեն՝ Ռուսաստանը խստացնում է հայկական կոնյակի նկատմամբ որակական վերահսկողությունը, ինչն ունի նաև իր դրական կողմերը. սեփական եկամուտների դիմաց հայկական կոնյակի անունը վարկաբեկող գործարանները դուրս կմղվեն շուկայից՝ ճանապարհ բացելով որակյալ կոնյակ արտադրող ընկերությունների համար...
Չար լեզուները, սակայն, չեն բացառում այն վարկածը, թե դրսում շատ հզոր երկու կազմակերպություն կա, որոնք կարող են ազդել ռուսական հիշյալ կոմիտեի վրա և նրանց «պատվիրել», թե կոնկրետ ո՛ր գործարանի արտադրանքը ճանաչեն անորակ:
Ինչպես ասում են՝ «ничего личного, это просто бизнес».