Ընդդիմադիր «Հայրենասիրական կոալիցիան» առաջատարն է Խորվաթիայի խորհրդարանական ընտրություններում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԸնդդիմադիր «Հայրենասիրական կոալիցիան» հաղթանակ է տանում նոյեմբերի 8-ին Խորվաթիայում կայացած խորհրդարանական ընտրություններում: Չնայած այն բանին, որ արդյունքները դեռեւս նախնական են համարվում, ակնհայտ է դարձել, որ «հայրենասերների» հիմնական մրցակիցները՝ սոցիալ-դեմոկրատներն, արդեն չեն կարողանա հաղթահարել գոյացած խզումը եւ հավասարվել առաջատարներին:
Չսպասելով վերջնական արդյունքներին՝ «հայրենասերների» հաղթանակը ճանաչել է Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը:
Պետական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ «Հայրենասիրական կոալիցիան» 60 մանդատ է ստանում 151-տեղանոց խորհրդարանում, իսկ «Խորվաթիան աճում է» սոցիալ-դեմոկրատական կոալիցիան կարող է հավակնել 55 տեղի: Երրորդ տեղում ՄՕՍՏ կուսակցությունն է, որին քաղաքագետներն արդեն համարել են ներկայիս ընտրությունների «գլխավոր սենսացիան»: Այն հավակնում է 19 մանդատի: ՄՕՍՏ-ը 2012 թվականի վերջին հիմնված կուսակցություն է: Այն իր քաղաքական պլատֆորմ է հռչակում տնտեսական լիբերալիզմը եւ բաղկացած է առավելապես երիտասարդներից, որոնք ավելի վաղ ակտիվ մասն ակցություն չեն ունեցել քաղաքականությանը, բայց իրենց դրսեւորել են այլ ոլորտներում, մասնավորապես, քաղաքացիական նախաձեռնությունների բնագավառում:
Ընտրություններն անցել են ընտրողների ակտիվ մասնակցության պայմաններում, որը նախնական տվյալներով կազմել է 60,14 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



